Սեմինար-խորհրդակցություն՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական խնդիրների վերհանմանը

2014-12-08

3ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի եւ Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ Դիլիջանում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության բնագավառում օրենսդրական կարգավորումներին նվիրված եռօրյա սեմինար-խորհրդակցություն, որի նպատակն էր Կարգավորիչ գիլյոտինի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները քննարկել ոլորտի շահառու կողմերի հետ: 

 

Հանդիպմանը մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տեղական, ինչպես նաև միջազգային ֆինանսական եւ հասարակական կազմակերպությունների ավելի քան 60 ներկայացուցիչներ:

 

Բացման խոսքով հանդես են եկել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչ Նորա Ալաքանյանը եւ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը:

 

«Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով մեր երկրում մի շարք քայլեր են ձեռնարկվում, որոնք արդյունավետ իրականացնելու ճանապարհին կարևոր է իրավական դաշտի կատարելությունը, – նշել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Այսօր մեկ սեղանի շուրջ են հավաքվել ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերը՝ օրենսդրական հարցերը քննարկելու եւ առաջին հայացքից չերևացող խնդիրները վերհանելու նպատակով: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կստեղծենք բարեփոխումների առաջարկների փաթեթ, որը Կարգավորիչ գիլյոտինի միջոցով կներկայացվի կառավարությանը և կնպաստի մեր երկրում իրավական դաշտի բարեփոխմանը»:

 

«ԵԱՀԿ-ն աշխատում է տնտեսական-բնապահպանական անվտանգության ուղղությամբ, և մենք հավատացած ենք, որ ՀՀ պետական մարմինների, միջազգային և քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի շահագրգիռ կողմերի հետ մեր համատեղ աշխատանքը կծառայի ավելի արդյունավետ կառավարման խթանմանը և հասարակության շահերին», – նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

 

«Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը Ավստրիական զարգացման գործակալության առաջնահերթություններից է, եւ այս համատեքստում մենք Հայաստանում մի շարք ծրագրեր ենք իրականացնում: ԱԶԳ-ն՝ որպես հիմնական դոնորներից մեկը, աջակցում է Կարգավորիչ գիյլոտին ծրագրին 2011թ.-ից՝ դրա մեկնարկից ի վեր՝ նպատակ ունենալով զարգացնել ազգային մրցունակությունը՝ բարելավելով Հայաստանի կարգավորիչ քաղաքականությունը և դրա գործիքները և նպաստել շուկայական հարաբերությունների զարգացմանը: Այս կարևոր ծրագրի առանցքային նպատակներից մեկն այն է, որ այս հսկայական բարեփոխման արդյունքում շահեն գյուղատնտեսության և անտառային տնտեսության ոլորտները, որտեղ ներգրավված է Հայաստանի բնակչության կեսը», – իր հերթին նշել է Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչ Նորա Ալանաքյանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու համար և մեծապես կարևորելով Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի աշխատանքը ոլորտի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու առումով, հայտնել է, որ կենտրոնի հետ համագործակցության արդյունքում 2013-14թթ. ներկայացվել են ընդհանուր առմամբ 230 իրավական ակտերի վերանայման ստուգաթերթերի լրացված տարբերակներ։ Նրա տեղեկացմամբ, ծրագրի արդյունքում կարգավորում պահանջող իրավական ակտերի նվազագույնը 30 տոկոսն էականորեն պարզեցվել է:

 

Սեմինար խորհրդակցությանը քննարկվել են կոոպերատիվների վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումների, Հայաստանում տոհմային կենդանիների հաշվառման, նույնականացման և տոհմանյութի հավաստագրման, սերմերի շուկայի, անտառօգտագործման օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների և նյութերի վաճառքի և արտադրության լիցենզավորման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրման և արտահանման հետ կապված հարցեր, կներկայացվել է միջազգային փորձը և համեմատական վերլուծություն է արվել:

Տպել