ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփեց 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

2014-12-24

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ամփոփեց 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում:

 

Ստորև ներկայացվում է նախարարի ելույթը:

***

ՀՀ գյուղատնտեսութան ոլորտում 2014 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալներով 2014 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 920.7 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.5%-ով:

 

Շարունակվել են դրական տեղաշարժերը հողային ռեսուրսների, մասնավորապես՝ վարելահողերի օգտագործման բնագավառում։ Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է 74.2%, նախորդ տարվա 71%-ի դիմաց:

 

Գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների ջանքերի և իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի արդյունքում գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավելացմանը։

 

Բուսաբուծություն

 

2014 թվականի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 332.7 հազար հա, նախորդ տարվա 318.1 հազար հա-ի դիմաց: Ցանքատարածություններն ավելացել են 14.6 հազար հա-ով։ Նախադրյալներ են ստեղծվել առաջիկա տարիներին նշված միտումը շարունակելու ուղղությամբ։

 

2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 558.05 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.3 %-ով։

 

Ըստ օպերատիվ տվյալների բուսաբուծական մթերքների արտադրության ծավալները բնութագրող տվյալները ներկայացվում են ստորև (հազ. տոննա)

 

texekanq_01

  

2014 թվականին, ըստ օպերատիվ տվյալների, գրանցվել է գրեթե բոլոր (բացառությամբ պտղի, որը հետևանք էր աննախադեպ ցրտահարության պատճառած կորուստների, հատկապես ծիրանի՝ նախորդ տարվա 88․9 հազ տոննայի դիմաց այս տարի ստացվել է 14․9 հազ տոննա) մշակաբույսերի համախառն արտադրանքի աճ: Առավել մեծ աճ է ապահովվել հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի, մասնավորապես ցորենի արտադրության բնագավառում:

 

Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքատվությունը, ըստ օպերատիվ, տվյալների կազմել է 31.4 ց/հա, նախորդ տարվա 30.8 ց/հա-ի դիմաց: Ինչ վերաբերում է ցորենին, ապա բերքատվությունը կազմել է 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հա-ի դիմաց:

 

Նշվածի հետ մեկտեղ բարձրացել է ցորենի ինքնաբավության մակարդակը: 2012թ.` 32.9 %, 2013թ.` 46.8 %, իսկ 2014թ. գնահատվում է շուրջ 51 %:
Ներկայացված տվյալները վկայում են վերջին տարիներին հացահատիկային տնտեսության ինտենսիվ զարգացման մասին:

 

Անասնապահություն

 

2013 թվականին անասնաբուծության ոլորտում կատարված դրական տեղաշարժերը նախադրյալներ ստեղծեցին 2014 թվականի անցած ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրելու բարձր ցուցանիշներ թե անասնագլխաքանակի, և թե անասնաբուծական մթերքների արտադրության և իրացման ծավալների ավելացման առումով:

2014 թվականի տասն ամիսների ընթացքում արձանագրվել է կենդանական ծագման մթերքների արտադրության նկատելի աճ: 2014 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում արտադրվել է շուրջ 92 հազար տոննա միս, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 9 հազար տոննայով կամ 11.2 տոկոսով: Կաթի արտադրությունը կազմել է 646 հազար տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 39 հազար տոննայով կամ 6․4 տոկոսով, իսկ ձվի արտադրությունը կազմել է շուրջ 580 մլն, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 19 մլն-ով կամ 11 տոկոսով:

 

2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին անասնապահության համախառն արտադրանքը կազմել է 284 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7 %-ով։

 

Ըստ օպերատիվ տվյալների, անասնապահական հիմնական մթերքների արտադրության ծավալների տվյալները ներկայացվում են ստորև.

 

2013թ_01

 

Անասնաբուծության խթանմանը նպաստել են վերջին տարիներին իրականացվող մի շարք պետական ծրագրերը: Մասնավորապես, «Տավարաբուծության զարգացման ծրագիրը»:

Զգալի առաջընթաց է նկատվում ոչխարաբուծության ոլորտում: Ոչխարների արտահանումը լուրջ խթան է ոլորտի զարգացման համար, և այդ նպատակով նախարարությունը շարունակում է հետևողական աշխատանքները ոչխարների արտահանման ծավալներն ավելացնելու և ոչխարների մորթի համար նախատեսված ժամանակակից սպանդանոցները շահագործելու ուղղությամբ: 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ արտահանվել է 131 հազար գլուխ մանր եղջերավոր` 2013թ. նույն ժամանակահատվածի 107 հազար գլխի դիմաց:

 

Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանը նպաստել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման միջոցով։ Համայնքներում ստեղծելով արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ՝ խորհրդատվական համակարգի միջոցով աջակցություն կցուցաբերվի նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, անասնաբուժական և տոհմային աշխատանքների բարելավմանը։

 

Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.

 

• Արդյունավետ պլանավորման և ֆինանսական ռեսուրսների տնտեսման շնորհիվ ծրագիրն իրականացվել է նախատեսված վեց մարզի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) 55 համայնքի փոխարեն 87 համայնքում,
• 6 մարզի 90 համայնքում հիմնադրվել են «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» հանձնաժողովներ և «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, իսկ աշխատանքներն իրականացվում են 87 համայնքում,
• 6 մարզի 68 գյուղական համայնքի արոտներում կառուցվել են`
- 158 կմ ջրարբիացման (կենդանիներին խմելու ջրով ապահովման) համակարգեր,
- տեղադրվել է 204 խմոց, որով ջրարբիացվել է շուրջ 101 հազ. հա արոտ,
- բարելավվել է դեպի արոտներ տանող շուրջ 49.3 հազ. մ2 ճանապարհ, 12 համայնքի արոտներում կառուցվել է շուրջ 8.1 հազ. մ2 փարախ և 12 կացարան հովիվների համար:
• 6 մարզի 71 գյուղական համայնքում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 481 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից` 122 միավոր տրակտոր և 359 միավոր` այլ գյուղգործիքներ:

 

Ծրագրի իրականացման արդյունքում գրանցվել է շուրջ 15 % կաթնատվության աճ և շուրջ 12% քաշաճ:

 

Ընդհանուր առմամբ, ըստ օպերատիվ տվյալների, հանրապետությունում 2014թվականին կովերի կաթնատվության աճը գնահատվում է շուրջ 106 կգ, մեկ կովի կաթնատվությունը կանխատեսվում է հասցնել 2160 կգ-ի` նախորդ տարվա 2054 կգ-ի դիմաց:

 

Լուրջ ձեռքբերումներ արձանագրվեցին նաև վերամշակման ոլորտում: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ի դրությամբ հանրապետության շուրջ 50 վերամշակող խոշոր ընկերություններ մթերել են ընդհանուր առմամբ 230 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող, այդ թվում` 34 հազար տոննա բանջարեղեն (որից` 23 հազար տոննա լոլիկ), 14 հազար տոննա պտուղ և 184 հազար տոննա խաղող, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 35 մլրդ դրամ: Ընդ որում, նախորդ տարվա համեմատությամբ այս տարի մթերման ծավալն ավելացել է 8.2 հազար տոննայով (3.6 %), իսկ մթերման գները` 4-11 %-ով:

 

Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման գործընթացը խթանելու նպատակով մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորելու է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման և այլ հարաբերություններ: Նախագիծը միջազգային փորձաքննության արդյունքում լրամշակվել է և ներկայումս քննարկվում է շահագրգիռ մարմինների հետ:

 

Գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նախարարության նախաձեռնությամբ բելառուսական ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում 2013-2014 թվականներին ներկրվել և ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով ուղղակի վաճառքի և լիզինգային եղանակով շուկայականից զգալի ցածր գներով տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել 288 «ՄՏԶ 82.1» մակնիշի տրակտորներ, ինչպես նաև 130 միավոր գյուղատնտեսական տարբեր գործիքներ:

 

Գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումների և իրականացված աշխատանքների հետ մեկտեղ առավել շատ են խնդիրները: Մասնավորապես, 2015 թվականին քաղաքականությունն ուղղվելու է հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը.

 

• Առանձնակի կարևորվելու է գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ցանքատարածությունների ավելացումը:
• Առաջնահերթ խնդիր է մնում երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը:
• Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսավարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով՝ արտադրության արդյունավետության բարձրացումը:
• Առաջնահերթ խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակաբույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծության համակարգի զարգացումը, վերջինիս արդյունքում՝ բարձրորակ սերմերով հանրապետության ապահովվածության մակարդակի բարձրացումը:
• Առաջնահերթ է համարվում անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը, մասնավորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործընթացում արդյունավետ մեխանիզմների և տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև անասնաբուժական համակարգի կատարելագործումը:
• Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության ապահովման նպատակով ընդլայնված ծավալներով կշարունակվի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:
• Կշարունակվեն մատչելի պայմաններով գյուղատնտեսության կարևորագույն ռեսուրսների մատակարարման ծրագրերը, մասնավորապես դիզելային վառելանյութի, հանքային պարարտանյութերի:
• Լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողաբար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնոլոգիայի ներդրումը:
• Կարևորվում է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնարկումը:
• Բնական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցաշերտերի կիրառման տեխնոլոգիաների ներդրումը:
• Երկրի պարենային հաշվեկշռի բարելավման, սպառողների առողջության պահպանման, բուսաբուծական և անասնապահական ծագման արտադրատեսակների մրցունակության բարձրացման առումով շարունակվելու է սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավումը, մասնավորապես, օրենսդրական հիմքերի կատարելագործումը, տեխնիկական բազայի ամրապնդումը և կադրերի ուսուցումը:

 

Առաջնահերթ են նաև գյուղատնտեսության մեքենայական հավաքակազմի համալրման խնդիրները, որոնց լուծմանը կուղղվեն գյուղատնտեսությունը տեխնիկական միջոցներով ապահովելու տարբեր մատչելի մեխանիզմներ: Առանձնակի ուշադրություն կդարձվի հացահատիկահավաք կոմբայնների մատակարարման մատչելի մեխանիզմների ներդրմանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել