ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց 2015 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ ԳՆ կողմից նախատեսվող ծրագրերը

2014-11-12

Սերգո Կարապետյան

Հարգարժան նախագահող,

Հարգելի՛ պատգամավորներ և գործընկերներ

 

Երկրի պարենային անվտանգության գերակայությունը, ագրարային ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, գյուղական տարածքների զարգացման առաջնահերթություններն առավել կարևորում են գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացումը:

 

Արդեն փաստ է Հայաստանի Հանրապետության անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, որը նպաստավոր պայմաններ կստեղծի գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացման համար, ինչը կարևոր նախադրյալ է տեղական արտադրության ծավալների աճի, նոր տեխնոլոգիաների ներդրման, ագրոտեխնիկայի կատարելագործման, արտաքին ներդրումների ավելացման ու գյուղատնտեսությունում տնտեսվարողների եկամուտների ավելացման համար: Վերոնշյալ հանգամանքն առավելագույնս գյուղատնտեսության զարգացմանն ի նպաստ օգտագործելու համար այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է պետության աջակցությունը գյուղացուն:

 

Գյուղատնտեսության ոլորտում իրականացված պետական քաղաքականության, ռազմավարական կարևորագույն մի շարք միջոցառումների, քաղաքականությունն իրականացնող մարմինների հետևողական աշխատանքի և տնտեսավարողների ջանքերի արդյունավետ համադրման արդյունքում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում գրանցվում են նկատելի դրական տեղաշարժեր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ բացառություն չէ նաև ընթացիկ տարին. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով արձանագրված ոլորտի տնտեսական աճը կազմել է 6.9%:

 

Սակայն սա դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են, ավելին տարեց տարի մենք բախվում ենք նոր մարտահրավերների, որոնց լուծման համար պահանջվում են իրավիճակից բխող առավել արդյունավետ մոտեցումներ ու նորարարական լուծումներ:

 

Դեռևս մտահոգիչ է գյուղատնտեսական հողատեսքերի՝ հատկապես վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման վիճակը: Մասնավորապես, ուզում եմ նշել, որ գյուղատնտեսական արտադրության մեջ արդյունավետ տնտեսավարմանը դեռևս շարունակում են խոչընդոտել գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը: Ստեղծված իրավիճակում, չնայած որոշ դրական քայլերի, դանդաղ են ընթանում տնտեսությունների խոշորացման, կոոպերացման, գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեության խթանման գործընթացները:

 

Չնայած որոշակի դրական տեղաշարժերի, դեռևս առաջնահերթ խնդիր է ոռոգման ջրով ապահովվածությունը, ուստի 2015 թվականից կմեկնարկեն Կապսի, Վեդու և Մաստարայի ջրամբարների նախագծման և շինարարության համակարգված աշխատանքները, սակայն հարցի որպես վերջնական լուծում համարվում է ոռոգման նոր տեխնոլոգիաների, մասնավորապես կաթիլային և անձրևացման համակարգերի աստիճանական ներդրումը: Խրախուսվելու է կարկտապաշտպան պաշտպանիչ ցանցաշերտերի կիրառումը, որը լայն տարածում է գտել մի շարք երկրներում իր արդյունավետության բարձր ցուցանիշներով:

 

Խնդիրներ կան կապված գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման, սերմնաբուծության համակարգի բարելավման, ինտենսիվ այգիների հիմնման, ջերմատնային տնտեսության զարգացման, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության աճի, կաթի որակի բարելավման, տոհմային գործի կազմակերպման, մասնավորապես` արհեստական սերմնավորման գործընթացում արդյունավետ մեխանիզմների կիրառման, արտադրություններում ժամանակակից տեխնոլոգիաների, ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման ուղղություններով:

 

2015 թվականի բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի իրականացման համար նախատեսված է շուրջ 14.5 մլրդ դրամ, որից գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված է հատկացնել 10.25 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 3.28 մլրդ դրամով, սակայն հարկ եմ համարում նշել, որ այս գումարի հիմնական մասն առավելապես ուղղվելու է գյուղատնտեսությունում տնտեսավարողներին աջակցության ծրագրերի իրականացմանը:

 

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող, զարգացման նախադրյալներին ուղղված մի շարք ռազմավարական ծրագրեր, ինչպես նաև ապահովել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը:

 

Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի կարևոր ձեռք բերումներից ցանկանում եմ նաև առանձնացնել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատման միտումների կասեցումը:

 

Այսպես, ընդհանուր առմամբ, 2011-2014 թվականներին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են շուրջ 50 հազ. հեկտարով: Միայն 2014 թվականին ցանքատարածություններն ընդլայնվել են 15 հազ. հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է շուրջ 74.2 %, 2010 թվականի 63 %-ի դիմաց:

 

2015 թվականին շարունակվելու են հացահատիկային տնտեսության զարգացմանն ու հացահատիկային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

 

Բարձրորակ սերմերով ապահովվածության մակարդակի բարձրացումը հնարավորություն տվեց էքստենսիվ և ինտենսիվ գործոնների համադրմամբ էապես ավելացնել հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները, մասնավորապես, օպերատիվ տվյալներով, 2014 թվականին նախորդ տարվա համեմատ ընդհանուր ծավալներն ավելացնել են 7.7 %-ով, այդ թվում ցորենինը` 8.5 %-ով:

 

Ըստ գնահատման, ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնաբավության մակարդակը նախորդ տարվա նկատմամբ ավելացնել 4-5 տոկոսային կետով:

 

Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի երաշխավորված բերքի ապահովման և կայուն բուսասանիտարական վիճակի ստեղծման համար կարևորվում է բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիրը, որը ներառելու է ավիացիայի միջոցով անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը, ինչպես նաև, մորեխների, միջատների դեմ ինտենսիվ պայքարի աշխատանքները: Ծրագիրը շարունակական է, նախորդ տարիներին տվել է դրական արդյունքներ:

 

Ագրոտեխնիկական պահանջներով պարարտանյութերի օգտագործման և երաշխավորված բերքատվության ապահովման նախադրյալների ստեղծման համար կշարունակվի հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը:

 

Անասնաբուծության խթանմանը նպաստել են վերջին տարիներին իրականացվող մի շարք պետական ծրագրերը: Մասնավորապես, «Տավարաբուծության զարգացման ծրագիրը», որ շարունակվելու է նաև 2015 թվականին:

 

Անասնապահական մթերքների երաշխավորված ծավալների, անվտանգ մթերքների արտադրության ապահովման համար կարևոր է համարվում գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ծրագիրը: Կիրականացվեն գյուղատնտեսական կենդանիների առավել վտանգավոր հիվանդությունների 8 կանխարգելիչ և 2 ախտորոշիչ միջոցառումներ: Կապահովվեն գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշուման միջոցառումների իրականացումը: Ծրագրի իրականացումից ակնկալվում է կայուն անասնաճարակային վիճակի ապահովում:

 

Գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր և կարանտին հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև անասնաբուժական հակա-համաճարակային միջոցառումների մշակման համար կարևորվում է անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում ծրագիրը:

 

Հանրապետության անասնապահության զարգացման համար կարևորվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շարունակումը:

 

Ծրագրի նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներին` հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման միջոցով:

 

Ծրագիրը նպատակաուղղված է նաև գյուղատնտեսությունում կոոպերացիայի խթանմանը, որի շրջանակնեում հանրապետության 6 մարզերի շուրջ 90 համայնքնեում հիմնվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ:

 

Օգտագործելով տնտեսավարման կոոպերատիվ ձևի առավելությունները, առկա են դրական արդյունքներ` կաթի մթերման կազմակերպման, դաշտային կերարտադրության ծավալների ընդլայնման ու կառուցվածքի բարելավման, անասնապահական տնտեսությունների եկամուտների ավելացման ուղղությամբ:

 

2015թ. կմեկնարկի Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը:

 

Ծրագիրը կշարունակի համայնքներում իրականացնել արոտների արդյու-նավետ կառավարման և անասնապահության զարգացմանն ուղղված միջոցա-ռումները, որը կիրականացվի հանրապետության 8 մարզերում (Շիրակ, Արարատ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց Ձոր և Կոտայք): Մինչև 2019 թվականը ծրագիրը կիրականացվի ևս 100 համայնքներում, որոնցից 25-ը կմեկնարկեն 2015 թվականին:

 

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրակացվելու են նաև արժեշղթայի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման, իրացման խնդիրների լուծմանը և կատարելագործմանը:

 

Գյուղատնտեսության կայունության և մրցունակության բարձրացման համար կարևոր է համարվում վարկային ռեսուրսների մատչելիության մակարդակի բարձրացումը: Վերջինիս կնպաստի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շարունակումը:

 

2015 թվականին բյուջեի նախագիծը ենթադրում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման 50 տոկոսի աճ` հասցնելով այն վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետի:

 

Ծրագրի իրականացմամբ վարկերի մատչելիության բարձրացումը հնարավորություն կտա լուծել գյուղատնտեսությունում տնտեսվարողների առջև ծառացած մի շարք խնդիրներ, նախադրյալներ կստեղծվի արտադրության ծավալների ավելացման և ոլորտի զարգացման համար:
Ինչպես գիտեք, ծրագիրը սկսվել է 2011 թվականի գարնանից, ծրագրի մեկնարկից սկսած 72 հազ. տնտեսավարողի տրամադրվել է շուրջ 63,2 մլրդ դրամի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկեր: Սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է 2.2 մլրդ դրամ: Հարկ եմ համարում նշել, որ սուբսիդավորվող վարկերի պահանջարկը՝ կախված իր մատչելիությունից, շատ ավելի մեծ է քան այս պահին տրամադրվում է, սակայն վարկային միջոցների հասանելիության պարագայում ծրագրի շրջանակը հետագա տարիներին կընդլայնվի, ընդգրկելով ավելի մեծ թվով գյուղացիական տնտեսություններ:

 

Շարունակվելու են հողօգտագործողներին մատչելի գներով գարնան և աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը:

 

Նշված սուբսիդավորման ծրագրերի գծով 2015 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել շուրջ 4.3 մլրդ դրամի սուբսիդիա:
Պատշաճ մակարդակով կապահովվեն Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ներմուծվող և արտահանվող անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների, բուսա-սանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի կարանտին հսկողության ընթացակարգերի ներդաշնակեցումը:

 

Վերջին տարիներին աշխատանքներ են տարվել գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի համալրման ուղղությամբ: 2013-2014 թվականի ընթացքում գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա հստակեցվել է գյուղատնտեսական տեխնիկայի պահանջարկը և Բելառուսի Հանրապետության հետ բանակցությունների արդյունքում, շուկայականից շուրջ 30 տոկոս ցածր գներով, ներկրվել է 300 միավոր անիվավոր տրակտոր և 150 անվանում գյուղատնտեսական գործիքներ: Տեխնիկան տրամադրվում է ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ լիզինգային եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նաև հացահատիկահավաք կոմբայնների ներկրում և մատչելի մեխանիզմներով մատակարարում:

 

Նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակի» միջոցով 2012-2014թթ. տրամադրվել է 467 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 115 միավոր անիվավոր տրակտոր, որոնց դիմաց գյուղատնտեսությունում տնտեսավարողները վճարում են միայն տեխնիկայի արժեքի 20 տոկոսը:
Կշարունակվեն աշխատանքները գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացման, կաթի որակի ապահովման և տոհմային գործի բարելավման ուղղությամբ: Առանձնակի ուշադրություն կդարձվի արհեստական սերմանավորման ծավալների ընդլայնմանը:

 

Միջոցներ կձեռնարկեն գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի բարելավման ու կատարելագործման, մասնավորապես գյուղատնտեսական մթերքներ արտադրողների և վերամշակողների պայմանագրային հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս ուղղությամբ կարևորվում է ոլորտային միությունների ստեղծումը ինչպես գյուղատնտեսական մթերքներ արտադրողների, այնպես էլ վերամշակողների համար, այդ գործընթացը սկսվել է։

 

Առաջիկայում կշարունակվի գյուղատնտեսությունում կոոպերատիվների ձևավորման խթանման և դրանց գործունեության աջակցության գործընթացը։ Այն կիրականացվի ինչպես վարկային և այլ ծրագրերի համապատասխան բաղադրիչների շրջանակնեում գյուղատնտեսական կոոպերևատիվների բազմաբնույթ աջակցության, այնպես էլ նախարարության խորհրդատվական համակարգի կողմից համապատասխան տեխնիկական օժանդակության միջոցով։ Այս գործընթացում կարևորում ենք նաև «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի ընդունումը, որի նախագիծը նախարարության կողմից մշակվել է։

 

Առանձնակի կարևորում ենք նաև «Գյուղի և գյուղատնտեսության մասին»օրենքների նախագծի ընդունումը:
Գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծման նպատակով նախատեսվում է ոլորտում ապահովագրության փորձնական ծրագրի իրականացում, որի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է տարվում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ:

 


Հարգելի գործընկերներ,

 

Այսպիսով, հակիրճ ներկայացվեցին 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով և այլ աղբյուրների հաշվին գյուղատնտեսության նախարարության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացման համար նախատեսված առաջնահերթ անհրաժեշտ ծրագրային ուղղությունները, որոնք նպատակաուղղվելու են գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ճյուղի մրցունակության բարձրացմանը, արդյունքում` ոլորտի կայունացմանն ու զարգացմանը, սննդամթերքի և պարենային անվտանգության ապահովմանը:

 

Շնորհակալություն

 

 

Տպել