ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու ԳՄՀԸ (GIZ) կշարունակեն համագործակցությունը անտառների կառավարման ոլորտում
2014-11-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին:
Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՄՀԸ «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի միջև վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
«Այս ընթացքում մեզ հաջողվել է բավական մեծ առաջընթաց գրանցել անտառային ոլորտում, մասնավորապես` անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգի ներդրման, անտառային պետական մոնիտորինգի կենտրոնին ցուցաբերած տեխնիկական աջակցության, անտառային ոլորտում հանրային իրազեկման պիլոտային ծրագրերի նախաձեռնության, ուսուցողական աշխատանքների կազմակերպման համար: Այդուհանդերձ, այս բնագավառում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնց լուծման հարցում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռն իր հերթին տեղեկացրել է նախարարին, որ ԳՄՀԸ ծրագրերը Հայաստանում կլինեն շարունակական: Նա նաև առաջարկել է Ծաղկաձորում, դեկտեմբեր ամսին նախարարության հետ համատեղ անցկացնել միջոցառում՝ ոլորտային հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կամփոփվեն համատեղ աշխատանքներն ու կնախանշվեն առաջիկա ծրագրերը:
Կարևորելով նմանատիպ միջոցառման անցկացումը` նախարար Սերգո Կարապետյանն իր կողմից խոստացավ աջակցել` միջոցառումը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկկողմ համագործակցության առաջիկա հեռանկարներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում նախաձեռնել արոտների կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում` ներառնելով այն առաջիկա համատեղ ծրագրերում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին