ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին
2014-11-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր լիցք կստանան:
Անդրադառնալով ընթացիկ տարում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին` նախարարը գոհունակությամբ նշեց, որ դրանց շրջանակում նախատեսված ծրագրերը բարեհաջող են ընթանում:
Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիների ձեռքբերումները` միաժամանակ նշելով լուծումներ պահանջող հիմնահարցերը, մասնավորապես, տեղական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղացիական միությունների և կոոպերատիվների ձևավորման, վերամշակող արդյունաբերության արդիականացման և բնական աղետների դեմ առավել արդյունավետ պայքարի միջոցների ներդրման անհրաժեշտությունը:
Դեսպանն իր հերթին նշեց, որ գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որտեղ երկկողմ համագործակցության տեսանկյունից պետական մակարդակով և մասնավոր հատվածում գրանցվել են զգալի հաջողություններ:
Դեսպանը հաստատեց ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Հայաստանին գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հարցում: Այդ կապակցությամբ նա նաև տեղեկացրեց, որ 2015 թվականին նախատեսվում է խաղողագործության և գինեգործության բնագավառի ֆրանսիացի փորձագետների այցը Հայաստան` համագործակցությունն ավելի ընդլայնելու նպատակով:
Հաշվի առնելով առկա ներուժը` կողմերը մեկ անգամ ևս հաստատեցին, որ գյուղատնտեսության բնագավառը երկու երկրների համար գրավիչ է համագործակցության տեսանկյունից և անհրաժեշտ են երկկողմ ջանքեր այն առավել ակտիվացնելու համար:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրեց դեսպանին իր ֆրանսիացի գործընկերոջը փոխանցել 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին