ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունեց Արգենտինայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը

2014-11-27

27.11.2014ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերային, որն ուղեկցում էր Արգենտինայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, որոնց հիմնական ուղղություններն արդեն նախանշված էին 2011 թվականին երկու երկրների միջև համագործակցության մասին համաձայնագրում:

 

Նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով հայ-արգենտինյան բարեկամական հարաբերություններին, կարևորեց հատկապես գյուղատնտեսության բնագավառում այն ընդլայնելու անհրաժեշտությունը:

 

«Հայաստանն ու Արգենտինան ունեն համագործակցության մեծ ներուժ, հատկապես գյուղատնտեսության բնագավառում, քանի որ Արգենտինայի գյուղատնտեսությունն իրավամբ համարվում է լավագույններից մեկն աշխարհում: Հուսով եմ, որ այս հանդիպումը սկիզբ կդնի երկու երկրների առավել սերտ գործակցությանը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Արգենտինայի պատվիրակությունը Հայաստանում գտնվելու ընթացքում այցելել է նաև գիտական կենտրոններ, վերամշակող ձեռնարկություններ, ֆերմերային տնտեսություններ: Արդյունքում առավել իրատեսական են համարվել համագործակցությունը երկրագործության, անասնաբուծության, մսի վերամշակման և սպանդանոցների կառուցման, սննդմաթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, հակակարկտային և ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղությունները:

 

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր արգենտինացի գործընկերոջը հրավիրեց 2015 թվականին այցելել Հայաստան:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել