ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

2014-11-14

2-1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին:

 

Նշանակման երկիր մեկնելուց առաջ այս հանդիպմամբ Էդգար Ղազարյանը ցանկանում էր որոշակիացնել հայ-լեհական միջպետական համագործակցության ընդլայնումը մասնավորապես երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղություններով:

Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև առկա կապերը:

 

«Հայ-լեհական հարաբերությունները հատկապես գյուղատնտեսության ոլորտում ունեն զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ու հեռանկարներ: Այս առումով կարելի է առանձնացնել Հայաստանի Հանրապետությունում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանից Լեհաստան թարմ պտուղ-բանջարեղեն, բանջարեղենային պահածոներ ու չոր մրգեր արտահանելու, ինչպես նաև համատեղ վերամշակող ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը նաև ընդգծել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և ոլորտային մի շարք այլ հարցերում փորձի փոխանակման կարևորությունը:

 

Դեսպան Էդգար Ղազարյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել լեհական կողմի հետ տեղում առավել մանրամասն քննարկել ագրարային ոլորտում համագործակցության հնարավորությունները, բարենպաստ պայմաններ ստեղծելով արտահանումների ապահովման համար: Նա նաև հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույնս կնպաստի երկու պետությունների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել