ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն ամփոփեց բուսաբուծության ոլորտի ցուցանիշները
2014-11-18
Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի մամուլի ասուլիսը: Ամփոփելով բուսաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները`նախարարի տեղակալը հայտնեց, որ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը՝ բացառությամբ պտղի, որը պայմանավորված է գարնանային ցրտահարությամբ։
Մասնավորապես 2014 թվականի օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է 591 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն` 2013 թվականի 548,7 հազար տոննայի դիմաց, 340 հազար տոննա ցորեն` նախորդ տարվա 311,5 հազար տոննայի դիմաց և 245 հազար տոննա բոստանային մշակաբույսեր` 208 հազար տոննայի դիմաց, 947 հազար տոննա բանջարեղեն` նախորդ տարվա 876 հազար տոննայի դիմաց, 691 հազար տոննա կարտոֆիլ` 660,5 հազար տոննայի դիմաց, 296 հազար տոննա պտուղ և հատապտուղ` 2013 թվականի 338,1 հազար տոննայի դիմաց և 258 հազար տոննա խաղող` նախորդ տարվա 240,8 հազար տոննայի դիմաց:
«Գարնանային ցրտահարությունից տուժած հատկապես ծիրանենու այգիներին պատճառված վնասները մեղմելու նպատակով այդ մարզերի գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց հատկացվել է 85 մլն դրամի բանջար-բոստանային մշակաբույսերի սերմացուներ, 100%-ով զիջվել է հողի հարկը (շուրջ 161 մլն դրամով), 50%-ով` ջրի վարձը (366 մլն դրամով), իսկ բանկերից վարկեր վերցրած տնտեսությունների նկատմամբ ցուցաբերվել է անհատական մոտեցում», – իր խոսքում նշեց Սամվել Գալստյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Շիրակի մարզի 37 և Լոռու մարզի 15 համայնքներում կարկտահարության հետևանքով պատճառած վնասները մեղմելու նպատակով այդ համայնքների հողօգտագործողներին 2013 թվականին հատկացված աշնանացան ցորենի սերմացուների գումարների վերադարձը կքննարկվի 2015թ․ հուլիսին։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալի ներկայացրած տվյալների համաձայն` 2011-2014թթ․շուրջ 49,1 հազ․ հեկտարով ավելացել են մշակվող ցանքատարածությունները, 2010 թվականին դրանք կազմել են 283,6 հազ․ հեկտար, 2014 թվականին` 332,7 հազ․ հեկտար, որը 2013 թվականից ավել է 14,6 հազ․ հեկտարով։
Այս տարի ՀՀ մարզերի հողօգտագործոներին նախատեսվել է հատկացնել 33822 տոննա ազոտական պարարտանյութ, որից 1000 տոննա` ԼՂՀ-ին և 2645 ֆոսֆորական (500 տոննա` ԼՂՀ-ին) և 1619 տոննա կալիումական պարարտանյութեր։
«Ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը այս տարի ներկրվում են առաջին անգամ, որով հնարավոր կլինի կանխել մինչ այդ կատարվող հողերի միակողմանի պարարտացումը», – հավելեց Սամվել Գալստյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա գարնանը ՀՀ մարզերից ստացված պահանջարկի համաձայն ներկրվել և տեղական սերմարտադրողներից գնվել է գարնանացան մշակաբույսերի, մասնավորապես՝ գարու՝ 2056 տոննա, եգիպտացորենի 23,4 տոննա, առվույտի 168,4 տոննա և կորնգանի 178 տոննա սերմացու, որի մի մասը գարնանը չի իրացվել վճարունակ պահանջարկ չլինելու պատճառով, այն կառավարության որոշմամբ անհատույց հատկացվել է պահանջարկ ներկայացրած մարզերին՝ 2015թ․ գարնանը ցանք կատարելու նպատակով։
2014թ․ աշնանացանի համար ՀՀ մարզերի հողօգտագործողներին՝ ըստ գոտիների, հատկացվել է 4213 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին