ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Ռոն Ալպեր-Հայաստան հանձնախմբի պատվիրակության հետ

2014-11-06

4ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ռոն Ալպեր-Հայաստան հանձնախմբի նախագահ Էդուարդ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին հանձնախմբի արտաքին հարաբերությունների հանձնակատար Աննա Ֆիորինի Բերիոտը, Սյուզ Լա Ռուսի գինու համալսարանի տնօրեն Ռենե Պայանը, Գյուղատնտեսության պալատի նախագահ Ժան Լյուկ Ֆրոժերը և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Դավթյանը:

 

«Այս հանդիպումը 2014 թվականի ապրիլին Ֆրանսիայում իմ և Ռոն Ալպեր նահանգի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է, և եկել է գործնական քայլերի անցնելու ժամանակը», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարի խոսքով` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Ռոն Ալպեր նահանգի հետ ունի համագործակցության մեծ ներուժ, մասնավորապես, գինեգործության ոլորտում:

 

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Սիմոնյանը տեղեկացրել է, որ հանձնախումբն արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում ծավալել է հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված գործունեություն և հավաստիացել, որ համագործակցության լավագույն ուղղություններից մեկը կարող է հանդիսանալ գինեգործությունը, քանի որ այս ոլորտում Հայաստանն ունի ոչ միայն հին ավանդույթներ, այլևս մեծ չիրացված ներուժ:

 

Այս կապակցությամբ նախարար Սերգո Կարապետյանը հայտնել է հյուրերին, որ վերջին տարիներին գինեգործության զարգացումը Հայաստանում լայն թափ է ստացել, հիմնվել են խաղողի նոր այգետարածքներ, կառուցվել են ժամանակակից գինու գործարաններ, որոնցում ներգրավված են նաև ֆրանսիացի մասնագետներ: Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանը 2014 թվականին դարձել է Խաղողի և գինու միջազգային կազմակերպության (OIV) անդամ, ինչը հրաշալի հնարավորություն է ընձեռում երկրում բնագավառը զարգացնելու ու հայկական գինիների որակը բարելավելու համար:

 

Սյուզ Լա Ռուսի գինու համալսարանի տնօրենն իր հերթին կարևորել է համագործակցությունը ՀՀ ազգային ագրարային համալսարանի հետ, մասնավորապես երկու ուսումնական հաստատությունների միջև համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը, արտադրության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, վերապատրաստումը, տարբեր միջոցառումների կազմակերպումն ու գինետուրիզմի զարգացումը:

 

Հանդիպման վերջում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ արդյունաբերական զարգացման հիմնադրամի և Ֆրանսիայի Սյուզ Լա Ռուս Գինու համալսարանի միջև կնքվել է քառակողմ համաձայնության հուշագիր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել