Կազմակերպվել են թվով 67 գյուղատնտեսական տոնավաճառներ

2014-11-05

no_pic5Կասյան փողոցի վերին հատվածում 2014 թվականի հունիսի 8-ից մինչև նոյեմբերի 5-ը կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց գրանցվել են շուրջ 5520 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 45-50 տոննա գյուղմթերք:

 

Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) այս տարվա հուլիսի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը կազմակերպվել է թվով 27 տոնավաճառ, որոնց գրանցվել են շուրջ 3537 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 35-40 տոննա գյուղմթերք:

 

Տոնավաճառները կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի շուրջ 100 գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրել է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն, իր հերթին, աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: Գյուղացիական տնտեսությունների մասնակցելու պայմանները տոնավաճառներին, որոնք անց են կացվում 2011 թվականից, անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Տոնավաճառին առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

 

ՀՀ ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել