Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում բացվեց հանրապետությունում առաջին Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը

2014-11-14

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում մասնակցել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արուսյակ Ալավերդյանը, ֆերմերներ և հյուրեր:

 

Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (2011-2016 թթ.) շրջանակներում, որի հիմնական նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին` բարելավելու սեփական արոտավայրերից ստացվող արտադրանքը և ստեղծելու անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ համակարգ:

 

«Առաջիկա երկու տարիների ընթացքում նմանատիպ կենտրոններ կբացվեն հանրապետության բոլոր մարզերում: Կենտրոնները կօգնեն գյուղացիական տնտեսություններին՝ իրենց խնդիրների լուծման գործում: Այստեղ ֆերմերներին կտրամադրվի նաև բարձրորակ խորհրդատվություն՝ իրենց տնտեսությունների գործունեությունը արդյունավետ իրականացնելու համար», – իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը ՀՀ Արագածոտնի մարզի ֆերմերային տնտեսություններին կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ: Նրա տեխնիկական և մասնագիտական կարողությունները թույլ կտան վերածել այն տարածաշրջանում մասնագիտական զարգացմանն ու բիզնեսի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման կենտրոնի:

 

Հետագայում ծրագրով նախատեսվում է կառուցել ևս երեք նմանատիպ կենտրոններ, որոնք կծառայեն մասնավոր անասնաբուժական և բիզնեսին աջակցող ծառայությունների զարգացմանը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել