Տեսչության պետն ամփոփեց գյուղտեխնիկայի ոլորտում կատարված աշխատանքները
2014-10-31
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վարդան Ղուշչյանի ասուլիսը:
Ամփոփելով ոլորտում կատարված աշխատանքները` նա մասնավորապես նշեց, որ 2013-2014թթ. Բելառուսի Հանրապետությունից մեր երկիր է ներկրվել և ուղղակի վաճառքի, ինչպես նաև լիզինգի միջոցով ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից շուկայականից անհամեմատ` մոտ 30 տոկոս ցածր գներով տնտեսվարող սուբյեկտներին են տրամադրվել 288 միավոր “ՄՏԶ 82.1” մակնիշների տրակտորներ, 20 հավաքիչ-մամլիչներ, 20 կուլտիվատորներ, 40 գութաններ, 34 հատ կարտոֆիլաքանդիչներ և կարտոֆիլատնկիչներ, 16 միավոր շարքացաններ և այլն: Տեխնիկան տրամադրվում է ուղղակի վաճառքի և լիզինգային եղանակով` տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, 20 տոկոս կանխավճարով, մարման ժամկետը կազմում է 6 տարի` տրակտորների, 3 տարի` հարակից սարքավորումների համար:
Տեսչության պետի խոսքով` 2010-2014 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակի միջոցով գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին և մարզերի արոտօգտագործողների միավորումներին է տրամադրվել 467 միավոր գյուղտեխնիկա, որից 115 միավոր “ՄՏԶ 82.1” մակնիշների տրակտորներ, որոնց դիմաց օգտագործողները վճարում են միայն այդ տեխնիկայի արժեքի 20 տոկոսը:
«ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանձնարարությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում օգտագործվող տրակտորների մոտ 50 տոկոսը բելառուսական “ՄՏԶ 82.1” մակնիշի են, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրապետությունում հնարավորություն ստեղծելու տրակտորների հավաքման և տեխնիկական սպասարկման հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու մասին», – տեղեկացրեց Վարդան Ղուշչյանը:
Տեսչության պետը հավելեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հանրապետություն կներկրվի 4 միավոր հացահատիկահավաք կոմբայն, որին կհաջորդի ևս 8 կոմբայնի ներկրումը: Կոմբայնները, որոնց արժեքը կազմում է 30, 5 մլն դրամ, կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով, 9 % տարեկան տոկոսադրույքով և 20% կանխավճարով:
Վերջին տարիներին ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերացվել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի տարեկան պարտադիր զննման պահանջը, ինչպես նաև պարզեցվել է գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին