ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը
2014-10-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության բաժնի պետ Սանտի Վեգեին, որին ուղեկցում էր Շվեյցարիայի Դաշնության դեսպանության (նստավայրը` Թբիլիսի) Հարավկովկասյան տարածաշրջանի տնօրեն, խորհրդական Ռուդոլֆ Շոչը:
Հանդիպման սկզբում նախարարը հյուրերին հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին գրանցված դրական ցուցանիշները: Նախարարը նշել է, որ ներկայումս քայլեր են ձեռնարկվում օգտագործվող հողատարածքների ավելացման, մշակաբույսերի բերքատվության բարձրացման, մթերատվության և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ:
Անդրադառնալով Սյունիքի մարզում Գործակալության կողմից կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ ծրագրի հաջող իրականացմանը` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է շվեյցարական կողմին ուսումնասիրել ծրագիրը Հայաստանի բոլոր մարզերում իրականացնելու հնարավորությունը: Նախարարն առաջարկել է նաև աջակցություն ցուցաբերել Հայաստանում կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:
Գործակալության բաժնի պետ Սանտի Վեգեն նշել է, որ տպավորված է նախարարի ներկայացրած ցուցանիշներով և ընդգծել է, որ Գործակալությունը մտադիր է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել հանրապետությունում իրականացվող ծրագրերի շրջանակը:
Ռուդոլֆ Շոչն իր նկատառումներն է ներկայացրել Հայաստանում անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգի վերաբերյալ` նշելով, որ այս բնագավառում դեռևս առկա են չկարգավորված խնդիրներ:
Համակարծիք լինելով վերջինիս հետ` Սերգո Կարապետյանը նշել է, որ անասնաբուժական արդյունավետ ծառայություններ իրականացնելու նպատակով դրական դեր կարող է ունենալ անասնաբուժական կենտրոնների ստեղծումը, անասնաբույժների մասնագիտական հմտությունների կատարելագործումը և դրան առնչվող առաջավոր երկրների փորձի ներդրումը:
Համագործակցությանն ավելի գործնական բնույթ հաղորդելու համար նախարարը նպատակահարմար է համարել ստորագրել փոխըմբռնման հուշագիր նախարարության և Գործակալության միջև:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին