ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը` Գյուղատնտեսի օրվա առթիվ

2014-10-19

Սերգո ԿարապետյանՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

 

«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, գիտնականներ, գործարարներ, ֆերմերներ

 

Արդեն չորրորդ տարին է, ինչ մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսի օրը: Այն հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ, որպեսզի մեր երախտիքի խոսքն ուղղենք հայ շինականին, քանի որ նա է մեր հողի պահապանն ու երկրի կերակրողը:

 

 

Գյուղատնտեսությունը մեր հանրապետության գերակա ուղղություններից է, և այս բնագավառում վերջին տարիներին նկատելի են առաջընթացի դրական միտումներ: Չնայած վաղ գարնան ցրտահարությանն ու կարկտահարությանը, ընդհանուր առմամբ, տարին հաջողված կարելի է համարել ոլորտի համար: Այս տարի ևս պետությունը կանգնած էր գյուղացու կողքին, և միասնական ջանքերի ու հայ շինականի աշխատասիրության շնորհիվ կարողացել ենք հաղթահարել բնության արհավիրքը:

 

Տարին գյուղատնտեսության ոլորտի համար լի էր ձեռքբերումներով: Հատկապես կարևորում եմ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը նոր էջ է բացելու գյուղատնտեսության զարգացման համար: Այս հսկայածավալ շուկան մեզ տալիս է հնարավորություն ավելացնելու արտադրության ծավալները և օտարերկրյա սպառողին ներկայանալ թե՛ թարմ պտուղ-բանջարեղենով, թե՛ պահածոներով, թե՛ մսամթերքով ու կաթնամթերքով, թե՛  հյութերով ու ոգելից խմիչքներով: Վստահ եմ, որ հայկական արևահամ բերքն ու բարիքը Եվրասիական տնտեսական միության հսկայածավալ շուկայում նույնքան պահանջված կլինի, որքան աշխարհին վաղուց հայտնի հայկական կոնյակը:

 

Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ, բարօրություն և բերքառատ տարիներ: Վստահ եմ, որ մեր սերտ համագործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի արձանագրել գյուղատնտեսության ոլորտում նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:»

 

 

Տպել