ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի հետ

2014-10-16

16.10.2014ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:

 

Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այցը համընկել է Հայաստանում Գյուղատնտեսի և Պարենի համաշխարհային օրերի հետ, որոնց շրջանակներում կկայանան բազմաթիվ տոնական միջոցառումներ:

 

«Ուրախ եմ, որ Դուք նույնպես կմասնակցեք «Հայագրոֆորում» համաժողովի աշխատանքներին, «Արմպրոդէքսպո» ագրոպարենային ապրանքների ցուցահանդեսին և տոնական այլ միջոցառումներին», – նշել է նախարարը:

 

Հյուրի խնդրանքով նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը և համոզմունք հայտնել, որ տարեվերջին ոլորտում կգրանցվեն բարձր ցուցանիշներ: Նախարարը նաև շեշտել է, որ դրան նպաստել են նաև հանրապետությունում ՊԳԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը:

 

ՀՀ-ում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզին գոհունակություն է հայտնել Հայաստանում ընթացող ծրագրերի հաջողության ու արդյունավետության վերաբերյալ` շեշտելով, որ նա դիտում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որպես գործընկերության լավագույն օրինակ:

 

Անտոնիո Ալոնզին նշել է, որ գյուղատնտեսության բնագավառում համաշխարհային զարգացումներն ունեն ոչ թե գյուղատնտեսական տարածքների ավելացման, այլ դրանց կայուն զարգացման, խնայողատար տեխնոլոգիաների կիրառման միտումներ, և որ Հայաստանում գյուղատնտեսության վարման գործն իրավամբ համընկնում է այդ չափանիշներին: Նա նաև տեղեկացրել է, որ ՊԳԿ-ի առաջիկա ռազմավարական ուղղությունը գյուղական վայրերի զարգացումն է, զբաղվածության աստիճանի ու եկամուտների բարձրացումը:

 

Հիշեցնելով, որ այս տարվա Պարենի համաշխարհային օրվա խորագիրը ընտանեկան ֆերմերային տնտեսությունների զարգացումն է` ՊԳԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ տնտեսվարման այս ձևը լուրջ հաջողություններ ունի Հայաստանի Հանրապետությունում:

 

Նախարար Սերգո Կարապետյանն, անդրադառնալով Հայաստանում ընթացող ՊԳԿ-ի ծրագրերին, առաջարկել է ավելի ակտիվ գործունեություն ծավալել սպանդանոցների կառուցման և ձկնաբուծության մեջ օգտագործվող ջրի խնայողական ռեժիմների կիրառման հարցերում: Անտոնիո Ալոնզին պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել այդ խնդիրներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել