Երևանում մեկնարկել է «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը
2014-10-17
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը։
Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Թվով 13-րդ «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում թողարկվող սննդի արտադրանքի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները: Նպատակներից է նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:
«Լավագույն ավանդույթ է դարձել ամեն տարի գյուղատնտեսական տարվա ավարտին մեր հայրենակիցներին ներկայացնելու մեր աշխատանքի արդյունքները` ցուցահանդեսի միջոցով մատուցելով այն ամենը, ինչը հայ գյուղացիների ջանքերի և աշխատանքի շնորհիվ պարգևել է հայրենի հողը: Գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի, վարվող պետական քաղաքականության և պետական աջակցության արդյունքում ոլորտում առկա են դրական տեղաշարժեր, կայունացման ու զարգացման նախադրյալներ», – իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող հայաստանյան ընկերությունների գործունեությանը, ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին:
«Արմպրոդէքսպո – 2014» -ին իրենց արտադրանքն են ներկայացրել 67 ընկերություն Հայաստանի Հանրապետությունից, 5 ընկերություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և 3 ընկերություն Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից:
Մասնակիցների թվում են նաև փաթեթավորման և լաբորատոր ծառայություններ մատուցող ընկերություններ։ Ցուցահանդեսին ներկայացված է գյուղատնտեական ապրանքների լայն տեսականի` ոգելից խմիչքներ, հանքային ջրեր և բնական հյութեր, պտուղ–բանջարեղենային պահածոներ, կաթնամթերք, մսամթերք, ձկնամթերք, չոր մրգեր, հրուշակեղեն, սուրճ և այլն: Այցելուները հնարավորություն ունեն նաև ծանոթանալ ցուցահանդեսում ներկայացված ժամանակակից գյուղտեխնիկային և սարքավորումներին։
«Արմպրոդէքսպո» եռօրյա մասնագիտացված ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին