Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը պարզաբանում է
2014-10-28
Ի պարզաբանում 2014 թվականի հոկտեմբերի 28-ին yerkir.am էլեկտրոնային կայքում հրապարակված «13 միլիարդ դրամ` խորհրդատվությունների համար, կամ ինչպես է կառավարությունը վատնում դրամաշնորհները» հոդվածին` ստորև ներկայացվում է Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի (ԳԾԻԳ ՊՀ) պատասխանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ի դեմս ԳԾԻԳ ՊՀ-ի, Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ 2011-2016 թվականներին իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագիրը, որի արժեքն է շուրջ 21,3 մլն. ԱՄՆ դոլար: Այդ գումարից շուրջ 16,7 մլն. ԱՄՆ դոլարը ՀԲ-ի վարկային միջոցներն են, 3,5 մլն. ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է և շուրջ 1,1 մլն. ԱՄՆ դոլարը` շահառուների ներդրումը:
Վերոհիշյալ հոդվածում նշված է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը խորհրդատվությունների և սեմինարների համար հատկացված է 1 մլրդ. 400 մլն. դրամ դրամաշնորհ, որը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախ` խորհրդատվությունների և սեմինարների համար 1,4 մլրդ. դրամ նախատեսված չէ, իսկ ՀԲ-ի կողմից տրամադրված ամբողջ գումարը վարկային միջոցներ են:
Հոդվածում նշված 1 մլրդ. 400 մլն. դրամ գումարը համապատասխանում է ԳԾԻԳ-ի կողմից 2013 թվականին ՀՀ համայնքներում իրականացված աշխատանքների արժեքին: Համայնքների հեռագնա արոտների ջրարբիացման նպատակով 2013 թվականի ընթացքում ՀՀ 13 համայնքի արոտներում կառուցվել է շուրջ 75 կմ ջրագիծ և տեղադրվել է 34 խմոց, որի շնորհիվ ջուրջ 20 հազ. հա չօգտագործվող կամ թերի օգտագործվող արոտներ դարձել են մատչելի արածեցման համար: Նշված ամբողջ աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 590 մլն. դրամ: «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական 48 կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 236 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 36 միավոր անիվավոր տրակտոր, 26 միավոր մամլիչ-բարդացիչ և 174 միավոր գյուղատնտեսական այլ տեխնիկա: Նշված ողջ գյուղտեխնիկայի արժեքը կազմել է շուրջ 770 մլն. դրամ: Համայնքներում աշխատանքների ավարտից հետո ՀՀ կառավարության որոշմամբ կառուցված ջրարբիացման համակարգերը սեփականության իրավունքով հանձնվում են համայնքներին, իսկ գյուղատնտեսական տեխնիկան` «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին, ինչը համայնքների և կոոպերատիվների համար ձևակերպվում է որպես դրամաշնորհ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին