ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին

2014-09-26

IMG_8219ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին: Հանդիպման նպատակն էր հայ-բրազիլական առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը և համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի քննարկումը:

 

Պարոն Կարամեկյանը տեղեկացրել է, որ վերջերս Սան-Պաուլո քաղաքում ստեղծվել է Բրազիլիա-Հայաստան առևտրային պալատ, որը հետաքրքրված է Հայաստանում արտադրվող ագրոպարենային ապրանքների արտահանմամբ դեպի Բրազիլիա: Նա նշել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ծանոթացել է տեղական արտադրատեսակներից շատերին և համոզված է, որ դրանք մրցունակ տեղ կարող են գրավել բրազիլական շուկայում:

 

Համակարծիք լինելով հյուրի հետ` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է պարոն Կարամեկյանին 2015 թվականին Սան-Պաուլոյում կազմակերպել հայ-բրազիլական բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքներին և խթան կհանդիսանա գործարար կապերի հաստատմանը:

 

«Հայաստանն ունի հնարավորություններ Բրազիլիա արտահանելու գինիներ, հյութեր, պահածոներ և այլն: Վստահ եմ, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրության կարժանանա բրազիլական շուկայում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը նաև նպատակահարմար է համարել մշակել և նախապատրաստել ստորագրման երկկողմ համագործակցության համաձայնագիր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել