ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Բիլֆինգեր Բերգեր» ավստրիական ընկերության ներկայացուցչին

2014-09-08

08.09.2014ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Բիլֆինգեր Բերգեր» ավստրիական ընկերության տարածաշրջանային տնօրեն Մասուդ Միրզային: Ընկերությունն իրականացնում է վարկային ծրագրեր մի շարք երկրներում:

 

Հանդիպման նպատակն էր ընկերության կողմից Հայաստանում վարկային ծրագրերի իրականացման հնարավորության քննարկումը:

 

«Այսօր Հայաստանի և Ավստրիայի միջև ակտիվացել է համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկուստեք կազմակերպվել են բիզնես-ֆորումներ, իսկ շուտով Երևանում կբացվի Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը, ինչը նոր հարթակ կհանդիսանա հայ-ավստրիական տնտեսական համագործակցության զարգացման համար», – ողջունելով հյուրին նշել է նախարարը:

 

Իր հերթին Մասուդ Միրզան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և առաջարկել է ճշգրտել ընկերության կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերը, որից հետո Ավստրիայից Հայաստան կգործուղվեն համապատասխան մասնագետներ` տեղում ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

 

Զրույցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսական այն ոլորտներին, որտեղ կարելի է իրականացնել համագործակցություն: Դրանց թվում են կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի համակարգի ներդրումը, փակ և կիսափակ ցիկլով գործող ձկնաբուծարանների համար ժամանակակից սարքավորումների տրամադրումն, ինչպես նաև խորհրդատվական համակարգի կատարելագործումը:

 

Հանդիպման ավարտին պարոն Միրզան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հրավիրել է այցելել Ավստրիա, ինչին ի պատասխան նախարարը տեղեկացրել է հյուրին առաջիկայում Ավստրիա նախատեսվող այցի մասին` երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել