ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց Ձորի մարզում հանդիպել է խաղողագործներին և ծանոթացել թռչնաբուծական ֆաբրիկայի գործունեությանը

2014-09-12

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի խաղողի սպասվող բերքի և մթերման գործընթացին:

 

Այցը մեկնարկել է Աղավնաձոր գյուղից, որտեղ նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է խաղողի այգիներում, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Այս համայնքում խաղողի ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 351 հեկտար: Նախորդ տարի Աղավնաձորի համայնքում արտադրվել է 3200 տոննա խաղող, 2014 թվականին նույնպես կանխատեսվում է լավ բերք:

 

Աղավնաձորում նախարարը նաև հանդիպում է ունեցել մարզի մյուս խաղողագործական համայնքների` Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի, Խաչիկ համայնքապետերի և խաղողագործների հետ:

 

«Խաղողի բերքը լավ է Վայոց ձորում և 10-15 օրից մարզում կսկսվեն խաղողի մթերումները: Այս տարի խաղող մթերող ընկերությունները գյուղացիների հետ պայմանագիր են կնքել «Արենի» տեսակի խաղողի մեկ կիլոգրամը 230 դրամով մթերելու վերաբերյալ: Մթերման պահանջարկը շատ մեծ է, և այս հարցում դուք խնդիրներ չեք ունենա», – հանդիպման ժամանակ նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարի հաջորդ կանգառը 2013 թվականին հիմնադրված Գնդեվազի թռչնաբուծական ֆաբրիկան էր, որտեղ բուծվում է 44 000 հավ ու 24 000 վառեկ: Ֆաբրիկայի տնօրեն Կարեն Միրզոյանը հայտնել է նախարարին, որ այստեղ օրական արտադրվում է 35 000 ձու, որն իրացվում է տեղական շուկայում, ծրագրել են կրկնապատկել արտադրության ծավալները: Նախարարը հորդորել է զբաղվել նաև հնդկահավի բուծմամբ` հաշվի առնելով նախկինում այս ֆերմայի փորձը և հանրապետությունում հնդկահավի մսի մեծ պահանջարկը:

 

Գնդեվազ համայնքում նախարարը եղել է նաև նոր կառուցվող «Էկոֆարմ» անասնապահական համալիրում, որը նախատեսված է 350 գլուխ ֆլեկֆի ցեղատեսակի կաթնամսատու կով և 150 գլուխ երինջի համար: Այս պահին այստեղ առկա է 50 գլուխ կաթնատու կով: Ընկերությունը հագեցած է աշխարհահռչակ շվեդական «ԴեԼավալ» սարքավորումներով, որտեղ կովերի պահվածքը, կերակրումն ու կիթն իրականացվում է ավտոմատացված եղանակով: Ֆերմային կից կառուցվում է կաթի վերամշակման արտադրամաս, որը պետք է վերամշակի արտադրված կաթը` պանրի արտադրության և փաթեթավորված պաստերիզացված կաթի արտադրության համար: Համալիրը շահագործման կհանձնվի տարեվերջին:

 

«Քանի որ Հայաստանում մեծ է պանրի պահանջարկը, «Էկոֆարմ» համալիրը ձեռնամուխ է եղել նաև պանրի արտադրամասի հիմնադրմանը և ստացված կաթը տեղում կվերամշակվի: Մեր նպատակն է փոքր տնտեսություններից անցում կատարել դեպի խոշոր անասնապահական համալիրների ձևավորման և համոզված եմ, որ սա օրինակ կծառայի նմանատիպ այլ համալիրների ստեղծման համար», – եզրափակելով իր խոսքը` նշել է նախարարը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել