ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները

2014-09-23

nkar1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով մասնակցել է մարզխորհրդի նիստին, որում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, վերջին երեք տարիների ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:

 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը զեկուցել է մարզում գյուղատնտեսության ներկա վիճակի և իրականացվող աշխատանքների մասին:

 

«Մարզում մշակվում է հողերի ընդամենը 28.9% -ը և ներկայումս վարելահողերի օգտագործման մակարդակով մարզը զբաղեցնում է 10-րդ տեղը: Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը հանրապետությունում վերջին տարիներին էականորեն բարձրացել է` 63%-ից հասնելով մինչև 74%: Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել Վայոց ձորի մարզում նույնպես այս ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ», – իր ելույթում նշել է Սերգո Կարապետյանը:

 

Տեղեկացնելով, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակներում գյուղացիներին մատչելի պայմաններով տրամադրվում են սերմացուներ, պարարտանյութեր, դիզելային վառելանյութ, ինչպես նաև գյուղատնտեսական վարկեր, նախարարը հավաստիացրել է, որ այս ծրագիրը հաջորդ տարի նույնպես կշարունակվի:

 

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նաև իրենց մտահոգող խնդիրները, որոնց մեծ մասը վերաբերում էր գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածությանն ու փոքր վերամշակող ընկերությունների ստեղծմանը:

 

«Հանրապետությունում այժմ ընթացքի մեջ է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագիրը, որի իրականացման շնորհիվ ծրագրում ընդգրկված մարզերում լուրջ հաջողություններ են գրանցվել: Հաջորդ տարի հանրապետությունում կմեկնարկի CARMAC երկրորդ ծրագիրը, որի մեջ նախատեսվում է ընդգրկել նաև Վայոց ձորի մարզը», – նշել է Սերգո Կարապետյանը, հավելելով, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա լուծում տալ որոշ խնդիրներին:

 

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանման ավելացումը:

 

Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում համայնքներում կիրականացվեն նաև արոտների ջրարբիացման աշխատանքներ, կստեղծվեն փոքր վերամշակող ընկերություններ:

 

Վայոց ձորում վարելահողերի օգտագործման մակարդակը բարձրացնելու նպատակով նիստին որոշում է կայացվել միջոցներ ձեռնարկել մարզում վարելահողերի տարածքները 1000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ:

 

Այնուհետև նախարարն ուղևորվել է դեպի Արենի համայնք, որի գյուղատնտեսության գերակա ուղղություններն են խաղողագործությունն ու գինեգործությունը: Սերգո Կարապետյանը շրջել է համայնքի խաղողի այգիներում, որոնց ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 113 հեկտար: Այստեղ նախարարը զրուցել է խաղողագործների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

 

Նախարարն այցելել է նաև 1994 թվականին հիմնադրված «Արենի գինու գործարան» ՓԲԸ: Ընկերության տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը նախարարին տեղեկացրել է, որ 2013 թվականին այստեղ մթերվել է 155 տոննա խաղող, իսկ այս տարի նախատեսվում է մթերել 200 տոննա խաղող: Ընկերությունը տարեկան արտադրում է 200 – 250 հազար շիշ գինի, որից 75 հազար շիշն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այս պահին գործարանում ընթանում են վերազինման աշխատանքներ, որոնք ուղղված են արտադրվող գինու որակի բարձրացմանն ու ծավալների ավելացմանը:

 

Նախարարի այցի վերջին կանգառը «Հին Արենի» ՓԲԸ-ում էր: Նախարարը շրջել է ընկերությունում, հետևել վերազինման աշխատանքներին, որոնց արդյունքում, արտադրության ծավալները կկազմեն տարեկան 500 հազար շիշ: Ընկերության ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կսկսեն խաղողի մթերումները և այս տարի նախատեսվել է մթերել 150 տոննա խաղող:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել