Հայտարարություն
2014-09-16
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն անդրադառնալով «Panorama.am» պարբերականում խոտի կուտակման վերաբերյալ հրապարակմանը, հայտարարում է, որ ընթացիկ տարում կկուտակվեն խոտի բավարար պաշարներ:
Մտավախությունը, որ 2014 թվականին հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ կկուտակվի ավելի քիչ քանակությամբ խոտ, անհիմն է, քանի որ առկա են հուսալի նախադրյալներ անցած տարվա համեմատությամբ ավելի շատ խոտ կուտակելու համար: Ավելին, ներկայումս սկսվել է խոտի կուտակման աշխատանքների եռուն շրջանը և վերլուծությունները ցույց են տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընթացիկ տարում կուտակվել է ավելի շատ խոտ, իսկ ծղոտի առկա պաշարները ավելի քան 10%-ով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը:
Հարկ է նշել, որ այս տարի որոշ տարածաշրջանների բնական կերահանդակներում նկատվել է սակավ խոտածածկույթ, մինչդեռ ցանովի կերային մշակաբույսերի ցանքատարածություններից ստացվել է առատ բերք:
Թեև կերերի կուտակման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, սակայն հանրապետության ֆերմերների գերակշիռ մասն արդեն իսկ կուտակել է կենդանիների ձմեռացման համար անհրաժեշտ կոպիտ կերերի զգալի մասը:
Ի դեպ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատությամբ տավարի գլխաքանակն ավելացել է 16.6 հազարով, այդ թվում կովերի գլխաքանակը` 6.3 հազարով, իսկ ոչխարների և այծերի գլխաքանակը` 42.9 հազարով: Ավելացած գլխաքանակի համար ընթացիկ տարում անհրաժեշտ կլինի կուտակել նախորդ տարվա համեմատ 45.6 հազար տոննա ավել խոտ, մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի կկուտակվի ավելի քան 60.0 հազար տոննայով ավել խոտ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին