Գյուղատնտեսական տարվա ցուցանիշները թույլ են տալիս տարին գնահատել բավարար, արդյունքները՝ գոհացնող

2014-09-04

Chosen_01Ի պատասխան «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի գնահատկանի, թե գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ ոչ բավարար է եղել, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում հակադարձում է՝ ընթացիկ գյուղատնտեսական տարում գրանցված և տարեվերջին կանխատեսվող ցուցանիշները թույլ են տալիս տարին գնահատել որպես բավարար, իսկ արդյունքները՝ գոհացնող:

 

«Բացարձակապես անհիմն են Հրաչյա Բերբերյանի հայտարարություններն այն մասին, որ գյուղատնտեսության նախարարության կողմից իբր ուռճացված տվյալներ են ներկայացվում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի ու բերքատվության մասին։ Տեղեկացնում ենք, որ այդ տվյալները ստացվում, մշակվում, ամփոփվում և պաշտոնապես հրապարակվում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: Մեզ հայտնի չէ որևէ այլ աղբյուր, որտեղից կարելի է պաշտոնական տեղեկատվություն ստանալ», – նշում է փոխնախարարը։

 

Ըստ նրա՝ խիստ պոպուլիստական է Հրաչյա Բերբերյանի հայտարարությունն այն մասին, որ 2-3 տարում հանրապետության գյուղատնտեսության վիճակը կարելի է շեշտակի բարելավել: «Գյուղատնտեսության ոլորտը ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, և համոզված ենք, նաև ապագայում, ունենալու է բազմաթիվ չլուծված խնդիրներ, դժվարություններ ու խոչընդոտներ: Եվ որևէ հրաշագործի չի հաջողվի 2-3 տարում լուծել բոլոր խնդիրները: Դրա համար անհրաժեշտ է հիմնավորված ու իրատեսական ծրագրերի իրականացման, ֆինանսական լուրջ ռեսուրսների ներդրման, մասնագիտական ներուժի օգտագործման ու հետևողական աշխատանքի շնորհիվ աստիճանական առաջընթաց ապահովել: Այդ կապակցությամբ հանրապետության գյուղատնտեսության ոլորտի վերջին տարիների հաջողությունները ակնառու են և անվիճելի», – նշում է նա։

 

Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ ընթացիկ գյուղատնտեսական տարում այսօրվա դրությամբ գրանցված և տարեվերջին կանխատեսվող ցուցանիշները թույլ են տալիս տարին գնահատել որպես բավարար, իսկ արդյունքները՝ գոհացնող: «Բացի ծիրանից՝ բուսաբուծական մյուս մթերքների ուղղությամբ, անկասկած, նախորդ տարվա համեմատությամբ կգրանցվի զգալի աճ: Եթե չլինեին մարտի վերջին – ապրիլի սկզբին դիտված ցրտահարությունները, որոնց հետևանքով հիմնականում կորստի մատնվեց ծիրանի բերքը (շուրջ 85%-ով), և Շիրակի ու Լոռու մարզերի որոշ համայնքների ցանքերի կարկտահարության վնասը, ապա 2014 թվականը կդառնար աննախադեպ բարձր բերքի տարի: Վերջին տարիներին իրականացված ծրագրերի և հետևողական աշխատանքի շնորհիվ էապես կրճատվել է չօգտագործվող վարելահողերի ծավալը և շարունակաբար ընդլայնվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարում 2013 թվականի համեմատությամբ ցանքերն ավելացել են 14,7 հազար հեկտարով, այդ թվում՝ հացահատիկային, և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերը՝ 11306, բանջարբոստանային մշակաբույսերի ցանքերը՝ 1357, կարտոֆիլի ցանքերը՝ 869 հեկտարով», – նշեց նա և եզրափակեց, թե կարծում է, որ մեկնաբանություններն ավելորդ են:

 

Տպել