Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն

2014-09-24

3ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Դարակերտ համայնքում մասնակցել է Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

 

Կենտրոնը, որի ստեղծման նպատակն է Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացումը, հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով և ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:

 

Բացմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ – ում արտակարգ և լիազոր դեսպաններ, հյուրեր:

 

«Շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև այսօր մենք ներկա ենք «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հերթական նախաձեռնությանը: «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը 2011- 2012 թվականներին հանարպետության մարզերում շահագործման է հանձնել անասնապահության ոլորտի ծառայությունների մատուցման կենտրոններ: Այսօր բացում ենք ծառայությունների մատուցման և սպասարկման կենտրոն բուսաբուծության ոլորտի ֆերեմերների համար, որն առաջինն է հանրապետությունում և իր տեխնիկական հագեցվածությամբ լավագույնն է տարածաշրջանում: Սա պետություն և մասնավոր հատվածի համագործակցության լավագույն օրինակ է: Այս կենտրոնը խթան կհանդիսանա մեր երկրում նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների զարգացման համար», – իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը նշել է, որ կենտրոնն անվճար տրամադրելու է մասնագիտական խորհրդատվություն, իսկ գյուղգործիքները վաճառվելու են կամ տրվելու են լիզինգային պայմաններով:

 

Կենտրոնի ստեղծմամբ ֆերմերներին հասանելի կդառնան ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը: Այստեղ կկազմակերպվեն սեմինարներ ու դասընթացներ հայ և օտարերկրյա մասնագետների կողմից, ինչպես նաև գործնական դասընթացներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:

 

Կենտրոնին կից գործում են երեք՝ 125, 250 և 400 քառակուսի մետր մակերեսներով ժամանակակից ջերմոցներ, որտեղ աճեցվում են հիմնականում բանջարանոցային մշակաբույսեր: Դրանք կծառայեն որպես ցուցադրական ջերմոցներ` գյուղացիական տնտեսություններում նմանատիպ ջերմոցներ կառուցելու համար:

 

Կենտրոնում տեղակայված ժամանակակից լաբորատորիայի միջոցով կիրականացվեն հողի, ջրի և բույսերի անալիզներ: Եղանակի կանխատեսման նորագույն սարքի միջոցով ֆերմերները կկարողանան կանխատեսել եղանակային փոփոխություններն` ըստ այդմ ապահովելով հողի մշակման արդյունավետությունը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել