ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
2014-08-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի գյուղի զարգացման մասնագետ և թիմի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսիին, Բանկի կայուն ռազմավարության դեպարտամենտի գյուղատնտեսության արտադրության տնտեսագետ Բեքզոդ Շամսիևին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանին:
Հանդիպման նպատակն իրականացվող ծրագրի ընթացքի դիտարկումների արդյունքներին ու նոր ծրագրի թիրախային առաջարկներին ծանոթանալն է:
«Բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի՝ ոլորտին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, արոտավայրերի բարելավման առաջին ծրագրի շրջանակներում, ինչը նպաստել է հանրապետությունում անասնագլխաքանակի աճին և ֆերմերների եկամուտների ավելացմանը: Հույս ունեմ, որ երկրորդ ծրագիրը ևս արդյունավետ կլինի և կապահովի շղթայի ամբողջականությունը»,- ողջունելով հյուրերին նշել է նախարարը:
Նիկոլաս Ահուիսուսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել է նախարարին, որ դրական միտումները կայուն նախադրյալներ են ապահովում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրն իրականացնելու համար: Նա նաև նշել է, որ Բեքզոդ Շամսիևը հանդիսանալու է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի համակարգողը:
Երկրորդ ծրագրիրը կընդգրկի հետևյալ բաղադրիչները՝ նոր համայնքների ներգրավում, զարգացման արժեշղթայի բոլոր օղակների հստակեցում, ինչպես նաև աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում:
Նախարարը գոհունակություն է հայտնել նոր ծրագրի մեկնարկի առթիվ և ներկայացրել է առաջարկներ, որոնք ցանկալի կլիներ ընդգրկել ծրագրում: «Հանրապետությունում զգալիորեն ավելացել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը և ստեղծվել են մսի և մսամթերքի արտահանման իրատեսական նախադրյալներ, անհրաժեշտ է ծրագրի միջոցներով կառուցել մի քանի սպանդանոց, կաթի վերամշակման արտադրամասեր, կերարտադրության բարձր մակարդակ ապահովելու և կերային բազան ավելացնելու համար ձեռք բերել հացահատիկահավաք կոմբայններ, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ»,- նշել է նախարարը:
ՀԲ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել վերոգրյալ առաջարկներն ու հնարավորինս օժանդակել նոր ծրագրում դրանք ընդգրկելու գործում: