ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությանը

2014-08-04

nkarՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ձկնաբուծության և ակվակուլտուրայի հարցերով ծրագրերի ղեկավար Եվա Կովաչին և ՊԳԿ միջազգային փորձագետ Յակոբ Բրեգնբեյլին:

 

Հանդիպման նպատակն էր փորձագետներին ներկայացնել հանրապետությունում լճակային ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում ջրի խնայողական օգտագործման հարցը: Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշեց ՊԳԿ-ի հետ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության հաջող համագործակցության բարձր մակարդակը:

 

Այնուհետև Սերգո Կարապետյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց այդ բնագավառի ներկա վիճակը, մասնավորապես վկայակոչելով, որ ձկնաբուծական տնտեսությունների գերակշիռ մասը տեղակայված է Արարատյան հարթավայրում, և վերջիններս հիմնականում օգտագործում են ստորգետնյա քաղցրահամ ջրերը: Արդյունքում կտրուկ նվազել են այդ տարածաշրջանում խմելու և գյուղատնտեսական հողատեսքերի ոռոգման նպատակով օգտագործվող ջրի պաշարները: Բացի այդ, ձկնաբուծարանների կողմից օգտագործված ջրերի հեռացումն առաջացնում է երկրորդական աղակալում: Ստեղծված իրավիճակը պահանջում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան չխոչընդոտել ձկնաբույծների գործունեությանը և միևնույն ժամանակ ջուրն օգտագործել խնայողաբար: Որպես հիմնահարցի կարգավորում կարող է ծառայել օգտագործվող ջրի փակ կամ կիսափակ շրջապտույտի համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա ձկնամթերքի արտադրության նպատակով ջուրն օգտագործել բազմակի:

 

Նախարարն առաջարկեց համապատասխան ուսումնասիրություններից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել պիլոտային մի ծրագիր՝ ձկնաբույծ ֆերմերներին ծանոթացնելու ժամանակակից տեխնոլոգիային:

 

Հյուրերը համոզմունք հայտնեցին, որ առաջիկա օրերի ընթացքում անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացնելուց հետո կառաջարկեն հնարավոր լուծումներ հիմնահարցի կարգավորման համար:

 

 

Տպել