ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում հետևել է հանրապետության ամենախոշոր սպանդանոցի շինարարության աշխատանքներին և ծանոթացել խաղողի նորատունկ այգիներին

2014-08-20

4ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որը վարելահողերի օգտագործման մակարդակով հանրապետությունում առաջատար է: Այստեղ առկա 25465 հեկտար վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտար` 2013թ․ 21526 հեկտարի դիմաց կամ այս տարի մշակվել է վարելահողի 91 տոկոսը:

 

Այցի սկզբում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Մասիս քաղաքում, ուր ներկայումս շինարարության փուլում է հանրապետությունում ամենախոշոր սպանդանոցներից մեկի կառուցումը, որն իրականացվում է 2013 թվականին հիմնադրված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի կողմից: Սպանդանոցի համար, որի նախագծային արժեքը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, Մասիս քաղաքի տարածքում ձեռք է բերվել 2,5 հեկտար հողատարածք, որի վրա կառուցվելու է շուրջ 6 հազար քառակուսի մետր շենքեր և շինություններ:

 

«Սպանդանոցը նախատեսված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթի համար, ունենալու է «Հալալ» մորթի արտոնագիր և համալրվելու է ժամանակակից սարքավորումներով: Սպանդանոցի արտադրական հզորությունը կկազմի 1000 գլուխ ոչխարի մորթ և 300 գլուխ տավարի մորթ` մեկ հերթափոխում», – նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Բացի այդ, սպանդանոցին կից գործելու են մսի և ենթամթերքի տեսակավորման և փաթեթավորման, թափոնների վերամշակման արտադրամասեր և սառնարանային տնտեսություն: Սպանդանոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել հոկտեմբեր ամսին:

 

Տեղեկացնելով, որ ներկայումս հանրապետությունում ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցների շինարարությունը, նախարարը հույս է հայտնել, որ հետագայում կհաջողվի այդպիսի սպանդանոցներ կառուցել հանրապետության բոլոր մարզերում, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում օրենքի ուժով աստիճանաբար արգելել բակային մորթը:

 

Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Մրգավան համայնք, որտեղ «Պռոշյանի կոնյակի գործարանը» հիմնել է կաթիլային եղանակով ոռոգվող 5 հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի նորատունկ այգիներ: Այստեղ հետագայում տեղադրվելու են նաև հակակարկտային ցանցեր:

 

Նախարարն այնուհետև եղել է գործարանի վերամշակման արտադրամասում, հետևել է բանջարեղենի մթերման և արտադրության ընթացքին:

 

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ոսկետափ համայնքում, զրուցել գյուղացիների հետ և դիտարկել բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերը:

 

Գյուղացիների տեղեկացմամբ այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ տեղադրված ֆերոմոնային թակարդների շնորհիվ լոլիկի ցեց վնասատուի դեմ պայքարն արդյունավետ է իրականացվել և բարձր բերք է սպասվում:

 

Նախարարը գոհունակությամբ է արտահայտվել մարզում ցորենի և գարու բերաքահավաքի արդյունքների վերաբերյալ և նշել է, որ այս տարի ստացվել է 23000 տոննա ցորենի և 3500 տոննա գարու բերք: Ընդ որում, ցորենի միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 44 ցենտներ, իսկ գարու միջին բերաքտվությունը եղել է 40 ցենտներ:

 

Նախարարն այցի ավարտին շրջայց է կատարել «Բորոդինո» պահածոների գործարանում ու հետևել է մթերման և արտադրության գործընթացին:

 

 

Տպել