ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն այցելել է Արագածոտնի մարզ
2014-08-15
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արագածոտնի մարզ: Այցի ընթացքում նախարարության ներկայացուցիչները մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանի ու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանի հետ քննարկել են մարզում իրականացվող հացահատիկի բերքահավաքի ընթացքին և 2014 թվականին մարզում ակնկալվող գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներին առնչվող հարցեր: Քննարկման ժամանակ փոխմարզպետը տեղեկացրել է, որ ներկայումս մարզի բարձրադիր համայնքներում ընթացքի մեջ է հացահատիկի բերքահավաքի վերջին փուլը: Նա նաև գոհունակությամբ նշել է, որ արդեն իսկ հնձված հացահատիկի դաշտերի բարձր բերքատվությունը հուսալի նախադրյալներ է ստեղծում նախորդ տարվա ցուցանիշները գերազանցելու համար: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ թեև վաղ գարնանային ցրտահարության և կարկտահարության արդյունքում մարզում նախորդ տարվանից 1700 տոննայով պակաս ծիրանի բերք է ստացվել, այնուամենայնիվ ակնկալվում է խնձորի բարձր բերք, ինչի շնորհիվ ընթացիկ տարում մարզում պտղի համախառն բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը գրեթե 3000 –ից 4000 տոննայով:
Փոխմարզպետը նաև հավաստիացրել է, որ մարզում անասնաբուծական մթերքների արտադրության ընթացիկ տարվա ցուցանիշները բավականին բարձր են, ինչի շնորհիվ մսի, կաթի, ինչպես նաև ձվի արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշները 5-6 տոկոսով:
Այնուհետև Գ. Բաղիյանը և Մ. Աբգարյանը այցելել են Արտաշավան համայնք, որտեղ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցվում է անասնաբուժական սպասարկման կետ: Այստեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են և ընթացքի մեջ են հարդարման աշխատանքները: Անասնաբուժական սպասարկման կետը շուտով կհանձնվի շահագործման` հնարավորություն ընձեռելով մարզում իրականացնել գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական սպասարկման և արհեստական սերմնավորման աշխատանքներ, իսկ ֆերմերներին մատչելի գներով մատակարարել անասնաբուժական դեղորայք, պատվաստանյութեր, ախտահանիչներ, գործիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև մատուցել խորհրդատվական ծառայություն:
Այցի շրջանակներում Գ. Բաղիյանը և Մ. Աբգարյանը ծանոթացել են նաև մարզում կառուցվող սպանդանոցի շինարարության ընթացքին: Այս սպանդանոցը ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում հիմնադրվող 5 սպանդանոցներից մեկն է, որտեղ նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների մորթ: Սպանդանոցի շահագործումը հնարավորություն կտա կազմակերպել մարզի և հարևան շրջանների գյուղատնտեսական կենդանիների կանոնակարգված մորթ: Գործարար Աղվան Կարապետյանի հավաստիացմամբ, սպանդանոցի շինարարությունը կավարտվի մի քանի օրից և կսկսվի արդեն ներկրված սարքավորումների տեղադրումը: