ՀՀ գյուղատնտեսության նախարարը հետևել է Սյունիքի մարզի ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներին

2014-08-01

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, որը հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով հանրապետությունում առաջատարն է: Մարզպետ Վահե Հակոբյանի, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենի և մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է ցորենի և գարու բերքահավաքի ընթացքին:

 

Նախարարը եղել է մարզի Բռնակոթ, Իշխանասար, Աղիտու և Նորավան համայնքներում և զրուցել պետական աջակցության ծրագրերում ընդգրկված շահառուների հետ, շրջել սուպերէլիտային և էլիտային վերարտադրության ցորենի, գարու ցանքատարածություններում: Գյուղատնտեության վարչության պետը տեղեկացրել է, որ ցորենի միջին բերքատվությունն առանձին հողակտորներում մեկ հեկտարից կկազմի 50 և ավելի ցենտներ, իսկ գարու բերքը կլինի աննախադեպ բարձր: Սերգո Կարապետյանը գոհունակություն է հայտնել ստացվող բերքի ծավալից ու որակից և հավաստիացրել, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակներում մատչելի պայմաններով սերմացուների, պարարտանյութների, դիզելային վառելանյութի, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի տրամադրումը հաջորդ տարի ևս կշարունակվի:

 

Նախարարի այցի վերջին կանգառը Շամբ համայնքն էր, որտեղ նախարարը ծանոթացել է 2008 թվականին հիմնադրված բանջարեղենային պահածոների, մրգային մուրաբաների և բնական հյութերի արտադրությամբ զբաղվող, եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցած «Շամբ բիզնես» ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերության գործադիր տնօրեն Ամալյա Ստեփանյանի ներկայացմամբ արտադրանքի մոտ 98 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելգիա և Ուկրաինա:

 

Նախարարն այցելել է նաև 2010 թվականին հիմնադրված «Տատնի» հանքային ջրերի գործարան, որի գործադիր տնօրեն Ներսես Ստեփանյանը տեղեկացրել է, որ գործարանում, որտեղ արտադրվում է 8 տեսակի լիմոնադ, արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են 25 տոկոսով և այժմ այդ ցուցանիշը կազմում է տարեկան 2 միլիոն շիշ:

 

Սյունիքի մարզ այցի ընթացքում նախարարը հանդիպումներ է ունեցել համայքապետերի, տեղի ֆերմերային, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ և քննարկել գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք առաջնահերթ խնդիրներ:

 

Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները 2014 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են 1537 հեկտարով՝ կազմելով 24718 հեկտար: Ընդ որում, ցորենի ցանքատարածություններն ավելացել են՝ 940, գարու ցանքերը` 348, այլ հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքերը` 249 հեկտարով:

 

Վերադարձի ճանապարհին նախարար Սերգո Կարապետյանը զրուցել է մեղվաբույծների հետ, ովքեր նշել են, որ նախորդ տարի մեղրի բարձր բերք են ստացել և այս տարի ևս լավ արդյունք են ակնկալում:

 

Տպել