ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետևել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին և կաթի վերամշակման ընկերությունների գործունեությանը

2014-08-26

4ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նախարարը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի և Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, որտեղ նա դիտարկել է, թե ինչպիսին է եղել կարտոֆիլի բերքատվությունը, ինչպես նաև հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին, զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին:

 

Ամրակից համայնքի ֆերմեր Գագիկ Գրիգորյանը տեղեկացրել է նախարարին, որ ընթացիկ տարում, կարկտահարության պատճառով, միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 80 – 100 ցենտներ, որն իրացվում է տեղական շուկայում 120 դրամով: Գյուղացիներն աջակցություն են խնդրել նախարարից գյուղատնտեսական վարկերի ժամկետների երկարաձգման հարցում: Նախարարը խոստացել է խնդրի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին՝ դրան լուծում տալու համար: 

 

Այս համայնքում, որտեղ գյուղատնտեսության գերակա ուղղություններն են հացահատիկագործությունը, կարտոֆիլագործությունն ու անասնապահությունը, վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 482 հեկտար, որից 47 հեկտարը զբաղեցնում են կարտոֆիլի ցանքերը:

 

Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանավան համայնքում գործող  «Ալպյան» ՍՊԸ կաթի վերամշակման արտադրամաս: Ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Սուքիասյանի խոսքերով, արտադրամասում տարեկան արտադրվում է 22 տոննա կաթի փոշի և 10 տոննա կարագ, իսկ կաթի մթերման տարեկան ծավալը կազմում է 250 տոննա: Ընկերությունում կաթի մթերման բազիսային գինը 160 դրամ է, սակայն, այսօր,  կախված յուղայնությունից, այն կազմում է  180-185 դրամ:

 

Ընկերության  տնօրենը նախարարին խնդրել է օժանդակել արտոնյալ վարկեր ստանալու խնդրում՝ կարագի արտադրության նոր հոսքագծի կառուցման համար: Զրույցի ընթացքում նախարարը հորդորել է ընկերության ղեկավարությանը ձեռնամուխ լինել նաև պանրի արտադրությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շուկայում մեծ պահանջարկ ունի:  

 

Նախարար Սերգո Կարապետյանն այնուհետև այցելել է  Տաշիր համայնքի  «Դուստր Մելանյա» ՍՊԸ կաթի վերամշակման արտադրամաս: Ընկերությունն արտադրում է պանրի մոտ 10 տեսակ, այդ թվում` «Լոռի», «Չանախ», «Չեչիլ» պանրատեսակներ, ինչպես նաև կարագ, կաթնաշոռ ու թթվասեր: Ինչպես նշել է կազմակերպության տնօրեն Ռուբեն Հարությունյանը, ընկերությունում տարեկան արտադրվում է 300 տոննա պանիր, որի մի մասն արտահանվում է դեպի ՌԴ և ԱՄՆ: Ընկերությունը գյուղացիներից կաթը մթերում է 170 դրամով: Տնօրենն ընդգծել է, որ նկատի ունենալով Ռուսաստանում մի շարք երկրների գյուղատնտեսական մթերքների ներկրման սահմանափակումները` ընկերությունը նպատակադրված է ընդլայնել պանրի արտադրությունը և ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները:

 

Նախարարը հորդորել է  կաթ վերամշակող մյուս  ընկերություններին  ևս ավելացնել պանրի արտադրության ծավալները՝ ՌԴ արտահանելու նպատակով:

 

Նախարար Սերգո Կարապետյանն այցելել է նաև Տաշիր համայնքի «Բոզոյան» ՍՊԸ – ի հացահատիկի ցանքատարածություններ, հետևել է բերքահավաքի  և պահեսատավորման աշխատանքների ընթացքին:

 

«Ընկերությունն այս պահին  1500-1600 հետկար հողի վրա հիմնականում ցորենի արտադրությամբ է  զբաղվում. այս տարի բարձր բերք է ստացել: Միջին բերքը կազմում է 40 ցենտներ՝ անջրդի հողերի վրա, ինչը լավ ցուցանիշ է: «Բոզոյան» ՍՊԸ-ն հանրապետության ամենախոշոր ընկերությունն է հացահատիկի ցանքատարածությունների  և արտադրության ծավալով: Ընկերությունը մտադիր է այս տարի աշնանը 400 հեկտարով ավել  ցանք կատարել: Բերքահավաքը  կատարվում է նոր ձեռքբերված կոմբայններով՝ բացառելով որևէ կորուստ: Մեզ համար որպես առաջնահերթ խնդիր մնում  է հացահատիկահավաք կոմբայնների  ներկրումը, որն առաջիկայում կլուծենք»,-ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է նախարարը:

 

Տպել