Համագործակցության նոր հեռանկարներ «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ

2014-08-04

DSC_0016ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Հեյֆեր Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանին:

 

Հանդիպման ժամանակ նախարարը հյուրին նախ համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ընդգծել արդյունավետ համագործակցությունը «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

 

Նախարարը գոհունակությամբ է արտահայտվել Հեյֆեր Ինթերնեյշնլի, Համաշխարհային բանկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության եռակողմ համագործակցության վերաբերյալ, որում իր արդյունավետ դերն է ունեցել Հեյֆեր Ինթերնեյշնլը` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» (ՀԳՌԿՄ) լայնածավալ ծրագրի շրջանակներում: Համագործակցություն, որի արդյունքում բարելավվել են ենթակառուցվածքները, ապահովվել է գյուղացիական տնտեսությունների տնտեսական կայունությունը, բարձրացել է արտադրողականությունը, հնարավորություն է ընձեռվել մուտք գործել ավելի մեծ թվով շուկաներ:

 

Իր հերթին տիկին Ղազանչյանը տեղեկացրել է, որ «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության կենտրոնակայանից Հայաստան ժամանած պատվիրակները նույնպես դրական են գնահատել այդ կազմակերպության կատարած աշխատանքները, ինչն, ըստ տիկին Ղազանչյանի, հնարավորություն կտա ձեռք բերել հավելյալ ֆինանսական միջոցներ հանրապետության գյուղական համայնքներում ուղղակի ներդրումներ իրականացնելու նպատակով: Նա տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունն առաջիկայում նախատեսում է շարունակել իր գործունեությունը Հայաստանում: Այդ իսկ նպատակով նա առաջարկել է կենտրոնակայան ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տասնամյա ծրագիր (նախատեսված 2015-2025 թվականների համար), որի նախապատրաստման նպատակով այդ կազմակերպությունն աշխատանքներ կիրականացնի արտադրական ցուցանիշների հավաքագրման և արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատման ուղղությամբ: Ծրագիրը կներառի կաթի, պտուղ-բանջարեղենի և մրգի արժեշղթաների մշակում ու զարգացում, համայնքներում պատանեկան ակումբների և կանանց հիմնահարցերի բարելավում, ուսուցում, ներդրումներ ու նորարարական ծրագրեր: Նախատեսվում է նաև նշված արժեշղթաներին հարող ենթակառուցվածքներին ներդրումային աջակցության ցուցաբերում:

 

Նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է նման ծրագրի իրականացման արնհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել պատշաճ աջակցություն ցուցաբերել նշված տասնամյա ծրագրի մշակման ու իրականացման հարցում:

 

 

Տպել