Երևանում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը

2014-08-02

22ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում այսօր վերաբացեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

 

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Նախարարը փոխքաղաքապետի ուղեկցությամբ շրջեց տոնավաճառի տաղավարներով, զրուցեց վաճառողների և գնորդների հետ, որոնք հույս հայտնեցին, որ այն շարունակական կլինի ու կընդգրկի նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններ:

 

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին, նախարարը նրանց տեղեկացրցեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գների դիտարկումներ է անցկացրել Երևանում գործող մանրածախ առևտրի մյուս շուկաներում, որոնց հիման վրա կազմվել է գյուղմթերքի վաճառքի կողմնորոշիչ գների ցուցակ, որը փակցվել է տոնավաճառի յուրաքանչյուր տաղավարում: Նախարարի համոզմամբ, այդ գները պարտադրող չեն, սակայն թույլ կտան տոնավաճառին մասնակցող գյուղատնտեսներին ավելի լավ կողմնորոշվել իրենց արտադրանքի գնագոյացման խնդրում, իսկ գնորդներին հնարավորություն կտան տեղեկանալու մայրաքաղաքում վաճառվող գյուղմթերքի գների մասին:

 

«Երեք շաբաթ շուտ բացեցինք գյուղատնտեսական այս տոնավաճառը՝ ելնելով երկուստեք պահանջից: Անհրաժեշտության դեպքում կբացվի գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը», – ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

 

Տոնավաճառին, որը կկազմակերպվի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի շուրջ 100 գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրել է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն, իր հերթին, աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ:

 

Գյուղացիական տնտեսությունների մասնակցելու պայմանները տոնավաճառներին, որոնք անց են կացվում 2011 թվականից, անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

 

Տոնավաճառին առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

 

Նշենք, որ այս տարվա գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 8-ին Կասյան փողոցի վերին հատվածում:

 

Տպել