Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցել տեղական արտահանողներին դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման խնդրում

2014-08-11

1Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր տեղական արտադրողների` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրի քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ-ի Առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը, նախարարի տեղակալները, ինչպես նաև մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք, պահածոներ արտադրող և թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող ընկերությունների ղեկավարները:

 

«ՀՀ Նախագահն այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այս հարցին և նշել է, որ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում», – նշել է նախարարը՝ մեջբերելով ՀՀ Նախագահի խոսքը:

 

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ հայկական արտադրողները հնարավորություն ունեն նույնիսկ կրկնապատկել այդ ծավալները՝ արտահանման գործընթացն արդյունավետ կազմակերպելու դեպքում: Ի տարբերություն խոշոր արտադրողների, որոնք դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման հարցում դժվարությունների առջև չեն կանգնի, փոքր և միջին ընկերությունները կարող են հանդիպել մի շարք խնդիրների: Այդ կապակցությամբ նախարարը խոստացել է հնարավորինս աջակցել նրանց՝ արտահանման գործընթացը կազմակերպելու խնդրում և առաջարկելով համագործակցել «Սպայկա» ընկերության հետ՝ կենտրոնացված արտահանումներ կազմակերպելու համար:

 

Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայկական փոքր և միջին ընկերությունների արտադրանքը` միսն ու մսամթերքը, կաթնամթերքը, չիրն ու պահածոները խոշոր ձեռնարկությունների արտադրանքի հետ մեկտեղ նույնպես բավական որակյալ են ու մրցունակ, և ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ կունենան:

 

Իր հերթին ՌԴ-ում ՀՀ-ի Առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը նշել է, որ ներկայումս Հայաստանից արտահանվող գյուղմթերքը Ռուսաստանում բավականին լավ է իրացվում և կա անսպառ պահանջարկ: Նա հորդորել է փոքր և միջին ընկերություններին համախմբվել պետական հովանու ներքո՝ իրենց արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու համար:

 

Հանդիպմանը ներկա Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը հավաստիացրել է, որ ԱԱՊ քայլեր կձեռնարկի արտահանման գործընթացը դյուրացնելու, մասնավորապես, ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետների կրճատման և արտահանման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի նվազեցման և տեղեկացրել է, որ ԱԱՊ-ն կաշխատի առանց հանգստյան օրերի:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև ապրանքների գնին և նշել է այն օրինաչափությունը, որ արտադրողը ձգտում է թանկ վաճառել, իսկ գնորդն էլ՝ մատչելի գնով այն ձեռք բերել, սակայն ապրանքի գինը ձևավորվում է շուկայում և, պետք է նկատի ունենալ, որ առկա շուկայական մրցակցության պայմաններում անհրաժեշտ է առաջարկել խելամիտ և մրցունակ գին:

 

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նախարարը կոչ է արել առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունը, ընդգծելով, որ հայ արտադրողին և մեզ առաջիկայում լարված աշխատանք է սպասվում:

 

Աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է արտահանումների աջակցության աշխատանքային խումբ՝ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ և խնդիրների դեպքում ընկերությունները կարող են դիմել նախարարություն:

 

 

Տպել