Տեղեկատվություն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և համալրման մասին
2014-08-06
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված վարչական վիճակագրական ռեգիստրի վարման արդյունքում պարզվել է, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է 14783 միավոր տրակտոր, 1355 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 6099 միավոր տրակտորային կցասայլ, 2030 միավոր տրակտորային խոտհնձիչ, 376 միավոր կերահավաք կոմբայն, 1575 միավոր մամլիչ-բարդոձիչ, 427 միավոր հատիկազտիչ մեքենա, 1856 միավոր տրակտորային շարքացան, 3843 միավոր տրակտորային գութան, 2244 միավոր կուլտիվատոր, 1575 միավոր հավաքիչ-մամլիչ, որոնց սարքինության մակարդակը կազմում է միջին հաշվով 79%:
Նշված տեխնիկայի շուրջ 93%-ը Խորհրդային Միության արտադրության են` բարոյապես և ֆիզիկապես մաշված (1976-1991 թթ. արտադրության), իսկ մնացած 7%-ը` դրամաշնորհների և այլ միջոցների հաշվին ներկրված` 885 միավոր տարբեր մակնիշի տրակտորներ:
2013-2014 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Բելառուսի հանրապետության գյուղատնտեսական մեքենաներ արտադրող ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում հանրապետություն է ներկրվել և ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով ուղղակի վաճառքի ու լիզինգային եղանակով շուկայականից անհամեմատ ցածր գներով տնտեսվարող սուբյեկտներին ու անհատներին է տրամադրվել 220 միավոր “ՄՏԶ 82.1” մակնիշի տրակտոր, 20 միավոր հավաքիչ-մամլիչ, 20 միավոր կուլտիվատոր, 40 միավոր գութան, 34 միավոր կարտոֆիլատնկիչ և կարտոֆիլաքանդիչ, ինչպես նաև 16 միավոր շարքացան: Տրակտորների ուղղակի վաճառքի գինը կազմել է 6.7-7 մլն դրամ, իսկ լիզինգով տրամադրելու դեպքում` տարեկան 9% տոկոսադրույքով (ներառյալ ռիսկերի ապահովագրումը), կանխավճար` գնի 20%-ի չափով, առավելագույն ժամկետը 6 տարի տրակտորների համար, 3 տարի` հարակից սարքերի համար:
Ներկայումս աշխատանքներ են իրականցվում ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի տնտեսվարողներին 4 միավոր հացահատիկահավաք կոմբայններ լիզինգային եղանակով տրամադրելու ուղղությամբ` շուկայականից էժան գներով, 20% կանխավճարով, տարեկան 9% տոկոսադրույքով, 6 տարի ժամկետով: Նախատեսվում է հանրապետություն ներկրել ևս 68 միավոր “ՄՏԶ 82.1” մակնիշի տրակտոր:
2012-2014 թվականներին ՀՀ կառավարության որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակի միջոցով գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին և մարզերի արոտօգտագործողների միավորումներին է տրամադրվել 467 միավոր գյուղտեխնիկա, որից 115 միավոր “ՄՏԶ 82.1” և այլ մակնիշների տրակտորներ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսական միավորումներին ցուցաբերում է բազմակողմանի տեխնիկական աջակցություն, այդ թվում` մասնագետների ուսուցում, տեխնիկայի, պահեստամասերի, վառելանյութի և քսայուղի մեծածախ գնումների մասին տեղեկատվության, ինչպես նաև համաչափ ծանրա¬բեռնվածության ապահովման նպատակով խորհրդատվության տրամադրում: