Հուլիսի 26-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

2014-07-17

no_pic5Սույն թվականի հուլիսի 26-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:

 

Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին կներկայացնեն բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

 

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:

 

Տոնավաճառին գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:

 

Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

 

Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:

 

Այս տարվա գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 8-ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է 11 տոնավաճառ, որին մասնակցել է 1363 գյուղատնտես հանրապետության 103 համայնքներից: Վաճառվաճ մթերքի ողջ ծավալը կազմել է 448 տոննա:

 

 

Տպել