ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

2014-07-18

_TM_0891ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ այսօր սկսվել է Այգեձոր համայնքից, ուր մարզպետ Հովիկ Աբովյանի հետ ծանոթացել է «Էկոգարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ի գործունեությանը:   2011թ.-ին   հիմնադրված այս ընկերությունն ունի 45 աշխատող, գյուղացիական տնտեսություններից մթերում է պտղի և բանջարեղենի գրեթե բոլոր  տեսակները, տարեկան  արտադրելով մինչև  200տ մուրաբաներ, պահածոներ, հյութեր և մարինացված բանջարեղեն: Առաջիկայում նախատեսվում է հիմնել հատապտուղների մշակության  նոր  պլանտացիաներ, որը հնարավորություն կտա երկարացնել    արտադրության ժամանակահատվածը, ընդլայնել արտադրանքի ծավալներն ու ավելացնել աշխատատեղերը:Այս առումով ընկերությունն աջակցության անհրաժեշտություն ունի, այդ թվում նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: Նախարարը խնդրել է որոշակիացնել սպասվող օժանդակությունը և խոստացել հնարավորինս օգտակար լինել ընկերությանը: 

 

Այցելությունը շարունակվել է Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքներում, ուր նախարարը հանդիպել է գյուղացիներին, լսել նրանց հուզող հարցերը՝ կապված հիմնականում պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների հետ: Հատկապես  կարևորվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրում ընդգրկվելու  խնդիրը, որի հետ են նշված համայնքների ղեկավարները կապել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հեռանկարը: Բարձրացված հարցերին նախարարը խոստացել է ընթացք տալ՝ վերջիններիս լուծման հնարավորություններին հանգամանորեն ծանոթանալուց հետո: Արծվաբերդում նախարարը եղել է  նաև սերմնաբուծական  տնտեսության դաշտերում, ծանոթացել ցորենի, լոբու և եգիպտացորենի ցանքերին: Չինարի համայնքում, ինչպես նաև սահմանամերձ մյուս գյուղերում, ուր այցելության ընթացքում եղավ նախարարը, դժվարին պայմաններում կարողանում են նույնիսկ ավելացնել ցանքերի տարածքները: Չինարիում, օրինակ, 60 հեկտարով ավելացվել են ցորենի ցանքսերը: Նախարարին այստեղ խնդրեցին օժանդակել 5 հեկտարի համար ցորենի էլիտային սերմացուի ձեռքբերման հարցում, որին ի պատասխան նախարարը խոստացավ անհատույց տրամադրել նշված սերմացուն:

 

Այցելության ընթացքում նախարարը եղել է նաև սահմանամերձ այլ գյուղերում, հավաստիացել, որ մթնոլորտն այստեղ հանգիստ է և աշխատանքային, հանգամանորեն զրուցել գյուղացիների հետ, դրվատանքի խոսք ասել նրանց ոչ միայն դժվարին, այլև վտանգավոր աշխատանքի վերաբերյալ, և խոստացել ըստ ամենայնի ու հնարավորինս օժանդակել նրանց գյուղատնտեսությանն առնչվող բոլոր հարցերում:   

   

Այցելության ավարտին նախարարը Բերդ ավանում հանդիպել է գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության խոչընդոտող դժվարություններով մտահոգված մի խումբ տնտեսվարողների և մասնագետների հետ: Վերջիններս խոսել են այնպիսի օրախնդիր հարցերից, ինչպիսիք հողերի մասնատվածության վերացումն է, տնտեսությունների խոշորացումը, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման պայմանների մատչելիության ապահովումը և այլն: Այստեղ նույնպես նախարարը խոստացել է մանրամասնորեն ուսումնասիրել բարձրացված հարցերը և հնարավորության դեպքում օժանդակել վերջիններիս լուծմանը:    

 

Տպել