ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր
2014-07-08
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին աշխատանքային այցով մեկնել էր Շիրակի մարզ` ծանոթանալու երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Հովտաշեն, Գեղանիստ, Մեղրաշեն, Վարդաքար, Նոր կյանք, Փանիկ, Բասեն և Ջրառատ համայնքների հացահատիկի և կարտոֆիլի դաշտերում, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին:
Այցելած բոլոր տնտեսություններում պատկերը գրեթե նույնն էր՝ հիմնականում և մեծապես վնասվել են հացահատիկի դաշտերը: Կարտոֆիլի ցանքերը վնասվել են մասնակիորեն:
Նախարարը տուժած բոլոր տնտեսություններում մանրամասնորեն զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ կարկուտի պատճառած վնասներն արագ հաշվարկելու և այն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու համար ստեղծվել են երեք մարզային հանձնաժողովներ, որոնց կազմում գյուղացիների պահանջով ընդգրկվել են նաև տուժած համայնքների ներկայացուցիչները: Միաժամանակ հանձնարարվել է մարզպետարանին կարճ ժամկետում հաշվարկել և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար: Սպասվող աջակցությունն ըստ նախարարի լինելու է անհատական և ըստ կրած վնասի իրական չափերի:
Գյուղացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու համար, նախարարը խոստացել է դրանք ներկայացնել հանրապետության վարչապետին: