ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է

2014-07-07

no_pic5

Armnewstv.am կայքում տեղադրված «Նոր վիրուս Արմավիրում. վարակը կարող է ոչնչացնել լոլիկի և սմբուկի ամբողջ բերքը» տեսանյութի վերաբերյալ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է՝  Տեսանյութում տեղ են գտել մի շարք անճշտություններ և սխալ մեկնաբանություններ: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է, որ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքի լոլիկի և սմբուկի առանձին դաշտերում տարածում է գտել ոչ թե «անհայտ հիվանդություն, նոր վիրուս», այլ՝ «Ճրագախոտ» (Заразиха, Orobanche) պարազիտ մոլախոտը:

 

Իրականությանը չի համապատասխանում նաև այն, որ գյուղատնտեսության նախարարությունը տեղյակ չէ խնդրին, չի զբաղվում այդ հարցով և որևէ մասնագետ չի եղել համայնքում:

 

Հուլիսի 3-ին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Լևոն Ալեքսանյանի, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի և Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի ուղեկցությամբ եղել է նշած դաշտերում, ծանոթացել իրավիճակին և տվել մասնագիտական որոշ ցուցումներ:

 

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ամբողջ աշխարհում նշված մոլախոտի դեմ քիմիական պայքարի արդյունավետ միջոցները խիստ սահմանափակ են և յուրաքանչյուրի կիրառման դեպքում լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք է առաջանում:

 

Ճրագախոտի դեմ պայքարի լավագույն միջոցը ցանքաշրջանառության իրականացումն է, ճիշտ ագրոտեխնիկայի կիրառումը (ինչը մեզ մոտ հիմնականում չի ապահովվում), ինչպես նաև մոլախոտի նկատմամբ դիմացկուն սորտերի մշակությունը: Ընդունված է նաև սադրիչ (պրովոկացիոն) մեթոդը, երբ դաշտում կատարվում է տեր բույսի (վնասվող բույսի) խիտ ցանք, նպաստավոր պայմաններ է ստեղծվում մոլախոտի սերմերի մասսայական ծլարձակման համար, ապա կատարվում վար կամ քիմիական պայքար հերբիցիդների միջոցով:

 

Ներկայումս նախարարության մասնագետները զբաղվում են խնդրով և նոր լուծումների հնարավորության դեպքում տեղում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

 

 

Տպել