ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Plant for Peace» նախաձեռնության հիմնադրին
2014-07-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է 2007 թվականից գործող բրիտանական «Plant for Peace» (“Աճեցում հանուն խաղաղության”) նախաձեռնության հիմնադիր Ջեյմս Բրեթին:
Նախաձեռնության նպատակն է հակամարտությունների և հետ-հակամարտային տարածքներում աջակցել գյուղացիական համայնքներին և փոքրածավալ ֆերմերային տնտեսություններին պարենային ապահովության և կայուն տնտեսական զարգացման խնդրում, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում:
Հանդիպման ընթացքում Ջեյմս Բրեթը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը` առավել հանգամանորեն անդրադառնալով Աֆղանստանում կատարվող աշխատանքներին: Նախաձեռնության շնորհիվ ստեղծվել են պտղաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսական կոոպերատիվներ, և նրանց կողմից արտադրված հումքը վերամշակելուց և փաթեթավորելուց հետո «Plant for Peace»-ի օժանդակությամբ իրացվել է տարբեր երկրներում: Արդյունքում բարձրացել է ֆերմերների զբաղվածության մակարդակը և ավելացել նրանց եկամուտները:
Նախարար Սերգո Կարապետյանը, բարձր գնահատելով այդ նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները, հնարավոր և իրատեսական է համարել Հայաստանում նույնպես նման ծրագիր իրականացնելու հնարավորությունը` նկատի ունենալով, որ ֆերմերային կոոպերատիվների ստեղծումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկն է:
Որպես ծրագրի սկիզբ կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին կնքել փոխըմբռման հուշագիր, որում կարտացոլվեն ծրագրի ընդհանուր ռազմավարությունը, կողմերի պարտավորությունները, ինչպես նաև ֆինանսական միջոցների ձեռքբերման ուղղությունները: