ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզի կարկտահարված դաշտեր
2014-07-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացած հանձնարարականով մեկնել էր Լոռու մարզ` ծանոթացել երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Փոխմարզպետներ Տիգրան Բադոյանի և Վանիկ Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից, Կուրթան համայնքներում, ուր կարկուտը վնասել է ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններն ու պտղատու այգիները:
Տուժած բոլոր տնտեսություններում նախարարը զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու և ՀՀ կառավարություն ներկայացնելու համար ստեղծվել է մարզային հանձնաժողով, որի վերջնական ամփոփումների հիման վրա էլ, անհատական մոտեցումով և ըստ վնասի արձանագրված չափի, կազմակերպվելու է տուժած գյուղացիների օժանդակությունը:
Մինչ այդ մարզպետարանը կարճ ժամկետում պետք է հաշվարկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար:
Գյուղացիների կողմից բարձրացված մյուս հարցերին ընթացք տալու համար, նախարարը խոստացել է դրանք ներկայացնել հանրապետության վարչապետին: