ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն
2014-07-07
Հանրապետության սերմնաբուծության զարգացման գործում զգալի ներդրում ունեցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային բուռն եռուզեռ է։ Սկսվել է ցորենի բերքահավաքը։ 50 հեկտարի վրա ցանքը կատարվել է սուպերէլիտային սերմերով, որոնց մի մասը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, մնացածը լրացվել գիտական կենտրոնում մշակված «Նաիրի-68» տեղական սորտով։
Այսօր ցորենի բերքահավաքի ընթացքին, ինչպես նաև գիտական կենտրոնում մշակվող հատիկաընդեղեն և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությանը ծանոթանալու նպատակով «Երկրագործության գիտական կենտրոն» է այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Կենտրոնի տնօրենը ներկայացրել է բերքահավաքի առաջին արդյունքները՝ հեկտարի միջին բերքատվությունը 60 ցենտներից ավելին է։ Նախարարին գոհացրել է նաև ստացվող բերքի որակը։ Այն ամբողջությամբ նախատեսված է հանրապետության սերմնաբուծության զարգացման նպատակների համար։
Նախարարը ծանոթացել է նաև 9 հա վրա մշակվող լոլիկի տեղական «Նոյ», «Հայաստանի հրաշք» և «Նվեր» սորտերի, ինչպես նաև 0.5 հա վրա մշակվող ոլոռի տեղական «Կանգուն» և 1 հա վրա մշակվող սիսեռի «Սիփան» տեղական սորտի սուպերէլիտային ցանքերի վիճակին։ Նշված ցանքսերից ստացվող սերմացուն նույնպես ամբողջությամբ և մատչելի գներով կտրամադրվի հանրապետության ֆերմերային տնտեսություններին։ Դա զգալիորեն կխթանի հայկական ավանդական սորտերի մշակության ծավալների ավելացմանը:
Այցելության ավարտին նախարարը եղել է նաև 2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում, ուր 5 հա վրա պահպանվում են հայկական ծիրանենու 84 գենետիկ սորտեր: Ծանոթանալով ընթացիկ տարում այստեղ 1 հա վրա կատարված կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի տեղադրման աշխատանքներին, նախարարը որոշակի դիտողություններ է արել կատարված աշխատանքի վերաբերյալ: