Սիսեռի էլիքսիր սորտի մշակության ագրոտեխնիկան

2014-06-26

siser_01Սիսեռի /cicer arietinumi/ մշակությունը Հայաստանում ունի վաղեմի պատմություն: Պատմական տեղեկություններով այս մշակաբույսը համարվում է ոչ միայն սննդամթերք, այլ նաև որպես դեղաբույս: Միջնադարյան բժշկապետերը սիսեռի բույսերի վրա գիշերվա ընթացքում կուտակված ցողը հավաքում և օգտագործում էին այրվածքների բուժման նպատակով: Սիսեռը աչքի է ընկնում սպիտակուցների բարձր պարունակությամբ /մինչև 32%/, A1, B1, B2, B6 վիտամիններով: Լինելով բակլազգի` արմատների հետ սիմբիոզի մեջ գտնվող պալարաբակտերիաների միջոցով օդից ֆիքսում և վեգետացիայի ընթացքում հողում կուտակում է 30-50կգ/հա ազոտ և լավ նախորդ է համարվում այլ մշակաբույսերի համար:

 

Վերջին տարիներին հանրապետությունում փորձարկվում և շրջնացվում է սիսեռի էլիքսիր սորտը:

 

Բույսի բարձրությունը 50-55սմ է, տուփը` կոմպակտ, ճյուղավորվածությունը` 4-6, տերևները էլիպսաձև են, եզրերը` սղոցանման, ցողունի գույնը` մուգ կանաչ, ծաղիկներինը սպիտակ են: Ունդերը հասունանալիս բաց դեղնավուն են, 1,2, երբեմն 3 սերմի պարունակությամբ: Սերմի գույնը բաց կրեմագույն է, 1000 հատիկի քաշը 350 գրամ է: Առաջին ունդերի քաշը 350 գրամ: Առաջին ունդերի ձևավորումը սկսվում է հողի մակերեսից 23-25սմ բարձրության վրա: Դիմցկուն է չոր կլիմայական պայմաններում:

 

Կայուն է սնկային հիվանդությունների նկատմամբ:

 

Լավ մշակության դեպքում ապահովում է 20-25ց/հա բերք: Ցանքի նորման` 110-120կգ/հա է: Ցանքը կատարվում է վաղ գարնանը` հասկավոր հացաբույսերից անմիջապես հետո:

 

Սիսեռի բերքատվությունը խիստ բարձրացնում են ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը, այդ պատճառով անհրաժեշտ է հողի կրկնավարից առաջ պարարտացնել P150 K90 չափաբաժիններով ազդող նյութի հաշվով /ֆիզիկական` P-ն` 830 և K-ն` 250կգ/հա/:

 

Ցանքից առաջ սերմերը ախտահանել Ռաքսիլով /40մլ/100կգ սերմացուին/ կամ Դիվիդենտով /200մլ/100կգ սերմացուին:

 

Ցանքը կատարել, երբ հողի 10սմ շերտում ջերմաստիճանը 10-12 աստիճան է: Ցանքը կատարել 30x15x15 սխեմայով, 5-8սմ խորությամբ: Ցանքից հետո դաշտը տափանել, մոլախոտված դաշտերում կատարել նաև փոցխում և այնուհետև կատարել մշակության աշխատանքները:

 

Եթե տարածքը վարված է մոլախոտերով, բույսերի ծլելուց 3-4 օր առաջ հողը խոնավ վիճակում ցողել Գեզագարդ հերբիցիդով 3կգ/հա չափաբաժնով: Հետագայում` հացազգի մոլախոտերի առկայության դեպքում, մոլախոտերի 2-4 տերևի փուլում, իսկ երբ սեզի բարձրությունը 10-15սմ է, դաշտը ցողել Տարգա սուպեր հերբիցիդով, 1լ/հա նորմայով: Ոռոգումը կատարել ըստ պահանջի: Սիսեռի սերմերը հասունանում են միաժամանակ, իսկ ունդերը հասունանալիս չեն բացվում, ուստի բերքահավաքը պետք է կատարել կոմբայնով: Կարելի է բերքահավաքը կատարել նաև անջատ եղանակով:

 

Սիսեռի կանաչ մասսան, ինչպես նաև ծղոտը անասնակերի համար պիտանի չեն, քանի որ պարունակում են թրթնջկաթթու, խնձորաթթու և լիմոնաթթու:

 

 

Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

 

 

Տպել