ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

2014-06-30

_TM_6069Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների տնօրեններ Ռուդոլֆ Շոխին և Զառա Ալավերդյանին:

 

Հանդիպման նպատակը նշված կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և համագործակցության նոր հեռանկարների քննարկումն էր:

 

Հանդիպման սկզբում նախարարը նշեց, որ այսօր մեր երկիրը շարունակում է ընդլայնել և խորացնել իր հարաբերությունները եվրոպական միության երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

Բարձր գնահատելով կազմակերպության ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում, նախարար Սերգո Կարապետյանն առանձնապես կարևորեց նշված համագործակցության շրջանակներում իրականացվող Սյունիքի մարզի անասնապահության և Մեղրիի գյուղատնտեսության զարգացման ծրագրերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել իրականացնել կենդանիների որոշ հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ, բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների մասնագիտական և բիզնես հմտություններ, ինչպես նաև զարգացնել պտղաբուծությունը` մասնավորապես Մեղրիի տարածաշրջանում:

 

Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր պաշտոնական կայքի ստեղծման գործում շվեյցարական կողմի աջակցության համար:

 

Պարոն Շոխը նշեց, որ նշված հաջողությունները համատեղ և արդյունավետ աշխատանքի արդյունք են, և, որ շվեյցարական կողմն առաջիկայում ևս շարունակելու է Հայաստանում իրականացնել գյուղի և գյուղատնտեսության զարգացման այլ ծրագրեր՝ ավելացնելով թե դրանց ուղղվածությունը, և թե նոր տարածքների ընդգրկումը:

 

Նախարար Սերգո Կարապետյանը միաժամանակ տեղեկացրեց, որ երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով շուտով կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագոր­ծակ­ցության մասին» համաձայնագիր և առաջարկեց նման մի համաձայնագիր ստորագրել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև, որը ընդունվեց գոհունակությամբ: Նախարարն առաջարկեց նաև Սյունիքի մարզի օրինակով հաջորդ տարվանից հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել ամբողջ հանրապետության տարածքում:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև Հայաստանի գյուղատնտեսությունում առկա և լուծումներ պահանջող այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիք են գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ճանապարհով տնտեսությունների խոշորացումը և գյուղատնտեսական ռիսկերի նվազեցումը, որոնց լուծման համար պարոն Շոխը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել ներկայացվող առաջարկությունները:

 

 

 

 

 

Տպել