ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ

2014-06-03

unnamedՏավուշի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցն այսօր սկսվել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախարարն ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013թվականին, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի և անելիքների մասին,անդրադարձել առաջիկա տարիների ռազմավարությանը:

 

Հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը, Նախարարը կարևորել է պետական օժանդակման ծրագրերի իրականացմամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտադրվել է սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքներում պետական օժանդակման ծրագրերի իրականացումը:

 

Հատկապես բարձր է գնահատվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի դերը, որով մարզի տասը համայնքներում արդեն ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվները կարճ ժամանակում հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս 6 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում:

 

«Այն հնարավորություն կտա նաև ստեղծել վերամշակման փոքր ձեռնարկություններ,անասնաբուժական սպասարկման կետեր, համայնքային այլ ենթակառուցվածքներ»,- նշել է նախարարը:

 

Համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով անհանգստացնող այն փաստին, որ մարզում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշը ներկայումս գրեթե 40 տոկոս է, նա հանձնարարել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ դրությունը շտկելու համար: Այս կապակցությամբ նախարարը հիշեցրել է վարչապետի հատուկ հանձնարականը, նշելով, որ աշնանացան ցորենից սկսած անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել նաև եգիպտացորենի և արևածաղկի մշակության ծավալների կտրուկ ավելացումը, մանավանդ, որ արդեն իսկ կան մթերող կազմակերպություններ, որոնք պատրաստ են իրենց օժանդակությունը բերել գյուղացուն սերմացուով, պարարտանյութով, վառելիքով և գյուղտեխնիկայով ապահովելու աշխատանքներին:

 

Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար, նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Չինարի և Այգեհովիտ համայնքների ղեկավարներ Սամվել Սաղոյանին և Լևոն Գրիգորյանին:

 

Մարզի գյուղատնտեսության ևս 17 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

 

Օրվա երկրորդ կեսին նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի շրջանակներում ստեղծված անասնապահական համալիր:

 

2011թվականից գործող համալիրն այսօր 200 գլուխ Եվրոպայից ներկրված բարձր մթերատու կենդանիներ ունի, որոնցից ստացված սերունդը տրամադրվում է մարզում ստեղծված անասնապահական կոոպերատիվներին: Նախարարը ծանոթացել է նաև կաթի վերամշակման նորաստեղծ արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ :

 

Այցելության վերջին կանգառը «Դիլի» տոհմային – անասնապահական ֆերման ու վերջինիս կաթի վերամշակման արտադրությունն էին: Ի դեպ այստեղ առաջացած արտադրական մի շարք խնդիրների, մասնավորապես ֆերմայի ջրամատակարման հարցի լուծմանն օժանդակելու խնդրանքով ընկերությունը վերջերս էին դիմել նախարարությանը:Այցը իրավիճակին տեղում ծանոթանալու և նախարարության միջնորդությունից հետո հարցի լուծման ընթացքի մասին անձամբ տեղեկանալու նպատակ էր հետապնդում:

 

 

Տպել