Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ զեկույց
2014-05-31
Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր Ազգային ժողովում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ զեկույցով:
Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ 2013 թվականին շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը:
2013 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել էր 10517,4 մլն դրամ: Նշված միջոցները ուղղվել են`
- սպասարկման և զարգացման միջոցառումների իրականացմանը՝ 9548.1 մլն դրամ, այդ թվում` 5377.5 մլն դրամը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին,
- վարկային և համաֆինանսավորման ծրագրերին՝ 969.3 մլն դրամ:
Նշված միջոցներն ուղղվել են գյուղատնտեսության ոլորոտում առաջնահերթ ծրագրերի իրականացմանը:
2012 թվականի համեմատությամբ՝ 2013 թվականին գյուղատնտեսությունում գրանցվել են դրական տեղաշարժեր: Համախառն արտադրանքի աճը կազմել է 7.1 %: Ընդ որում, բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 6.6 %, իսկ անասնապահությունում՝ 7.8 %:
2013 թվականին զգալիորեն ավելացել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները, այն գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 13,9 հազ. հեկտարով:
2013 թվականին 2014 թվականի բերքի համար իրականացված աշնանացանի տարածքները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 5.8 հազ. հեկտարով:
Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև անասնագլխաքանակի ավելացման ուղղությամբ:
2013 թվականին թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը ավելի քան 2 անգամ:
Գրանցված տնտեսական աճն ու դրական տեղաշարժերն որոշակիորեն արդյունք էին նաև ոլորտում ՀՀ պետական բյուջեից և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով իրականացված տարբեր ծրագրերի:
Հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են ոլորտի ֆինանսական ցուցանիշները, հակիրճ անդրադառնամ նշված ծրագրերից հիմնականների արդյունքային և ոչ ֆինանսական ցուցանիշներին:
• «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագիր
Ճշտված բյուջեն կազմել է 550.0 մլն դրամ:
Ծրագրի շրջանակներում 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրվել 440 տոննա էլիտային և 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու:
Տեղական սերմարտադրողների կողմից 2012 թվականին ստացված 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացուների դիմաց՝ պայմանագրային հիմունքներով հետ է վերադարձվել 40 տոննա և նրանցից գնվել 63.1 տոննա էլիտային վերարտադրության սերմացու:
2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունից ներկրված, 2012թ. սուպերէլիտայի բազմացումից հետ վերադարձված և տեղական սերմարտադրողներից գնված ընդամենը 543.1 տոննա (440+40+63.1) աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն, պայմանագրային հիմունքներով հատկացվել է ՀՀ մարզերի 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող 126 շահառուների, որով կատարվել է 1811 հա ցանք:
Ծրագրի իրականացումը հնարավորություն ստեղծեց աշնանացանի տարածքները հանրա-պետությունում 2013 թվականին հասցնել 96094 հա՝ նախորդ տարվա 90262 հա-ի դիմաց:
• «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիր
Ճշտված բյուջեն կազմել է 1109.9 մլն դրամ: Ֆինանսավորումը կազմել է 1091.8 մլն դրամ: 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակները կանխելու, անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների 9.95 մլն հակաանասնահամաճարակային միջոցառումներ։ Նշված աշխատանքները իրականացվել են անասնաբույժ մասնագետների կողմից ՀՀ 10 մարզերի 38 տարածաշրջաններում:
2013 թվականին իրականացված միջոցառումների շնորհիվ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, բացառությամբ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդություն, որի նկատմամբ պատվաստումներ և բուժում ընդհանրապես չի կատար-վում և խոշոր եղջերավոր կենդանիների սիբիրախտ հիվանդություն, որի նկատմամբ կատարվել են համապատասխան համալիր միջոցառումներ։
• «Բույսերի պաշտպանության միջոցառումների» ծրագիր
Ծրագիրը կարևորվում է հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակի ապահովման առումով:
Ճշտված բյուջեն կազմել է 150.0 մլն դրամ: ՀՀ կառավարության 2013 թվականի տարբեր որոշումներով կատարվել է 39,5 մլն դրամի փոփոխություն: ՀՀ 2013 թվականի ճշտված պետական բյուջեով նշված միջոցառման համար նախատեսվել է հատկացնել 110,4 մլն դրամ: ֆինանսավորումը կազմել է 96,9 մլն դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 119,8 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության մարզերում 2013 թվականի բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրով գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վնասակար օրգանիզմների (մկնանման կրծողներ, մորեխներ) դեմ , ըստ բաղադրիչների, իրականացվել են հետևյալ ծառայությունները և միջոցառումները.
1. Միջատասպան թունանյութի ձեռքբերում համայնքներին բաշխելու նպատակով
Ծրագրով նախատեսված 3.8 մլն դրամի փոխարեն 1.9 մլն դրամով ձեռք է բերվել 450 լ/կգ «Ցիպեր մաքսի» տեսակի բույսերի պաշտպանության միջատասպան միջոց: Գնման գնի և ծրագրով նախատեսված քանակության փոփոխության արդյունքում տնտեսվել է 1,8 մլն դրամ:
2013 թվականին, մորեխներով վարակվածության ցածր մակարդակի պատճառով, գնված միջատասպան միջոցը պահեստավորվել է հետագայում օգտագործելու համար:
2. Կրծողների դեմ պայքար համայնքների միջոցով
Հիմք ընդունելով 2013 թվականի աշնանը գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները` ՀՀ մարզպետարաններին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերին անհատույց հատկացվել է 7736.9 կգ ցինկի ֆոսֆիդ մկնասպան միջոց` 64474 հա առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ իրականացնելու համար: Պայքարի միջոցառումների համար օգտագործվել է 2012 թվականին ձեռք բերված ցինկի ֆոսֆիդը:
3. Պայքար անտառի վնասակար օրգանիզմների դեմ
Այս բաղադրիչով 2013 թվականին անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ` հանրապետության 4 մարզերի 6 անտառտնտեսություն մասնաճյուղերում 8870 հա անտառային տարածքներում իրականացվել են ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ, որի համար ծախսվել է 95.0 մլն դրամ, այդ թվում` 70.0 մլն դրամը ավիացիոն ծառայությունների համար:
«Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թվականի ճշտված պետական բյուջեով նախատեսված 110.4 մլն դրամ գումարից տնտեսվել է 13.5 մլն դրամ:
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում ստեղծվել է կայուն բուսասանիտարական վիճակ։
Հաջորդը`
• «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների» ծրագիրն է:
Ծրագիրը կարևորվում է ագրոտեխնիկական պահանջներով պարարտանյութերի օգտագործման և երաշխավորված բերքատվության ապահովման նախադրյալների ստեղծման առումով:
Ճշտված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 48.6 մլն դրամ: Ծրագրով 106.7 հազ. հա հեկտար գյուղա-տնտեսական նշանակության հողատարածքների վրա իրականացվել են ագրոքիմիական դաշտային հետազոտություններ: 171 համայնքների հանձնվել են ագրոքիմիական քարտեզներ ու մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որտեղ հստակ նշվել է պարարտանյութերի տեսակները, պարարտացման նորմաները՝ ըստ կուլտուրաների ու պարարտացման ժամկետների և հանձնվել են համայնքներին:
• «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում» ծրագիր
Ճշտված բյուջեն կազմել է 123.4 մլն դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 134.8 մլն դրամ: Փաստացի ծախսերի 11.3 մլն դրամի ավելացումը պայմանավորված է 2012 թվականի մնացորդի հաշվին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացմամբ:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները`
- Հանրապետությունում կարանտին և առավել վնասակար օրգանիզմներով վարակվածության արեալի ճշտում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում կատարված դիտարկումների իրականացում 243.6 հազար հա տարածքների վրա։
- Հանրապետությունում կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի ապահովում, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանություն հանրապետության 915 համայնքներում։
• «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագիր
ՀՀ 2013 թվականի ճշտված պետական բյուջեով նախատեսվել էր և փաստացի ծախսերը կազմել են 297.2 մլն դրամ։
Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակներում կատարվել է տեխնոլոգիաների գնահատման ծրագիրը: Մնացած ծախսերը կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Հատկացված գումարների հաշվին խորհրդատվական ծառայություններ մատուցող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի միջոցով ագրոտեխնիկական կանոններին և նոր տեխնոլոգիաներին համապատասխան գյուղատնտեսության վարման նպատակով գյուղացիական տնտեսություններին մատուցվել են խորհրդատվական ծառայություններ, մասնավորապես կազմակերպվել է 1100-ից ավելի սեմինար, 872 դաշտային ուսուցում և 173 փորձացուցադրական աշխատանքներ, 96 ռադիոհեռուստահաղորդում, 466 անուն տեղեկատվական թերթիկների տպագրում և տարածում՝ 115.3 հազ. տպաքանակով, 158 համար թերթերի թողարկում՝ 209.1 տպաքանակով:
• «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր
Գյուղատնտեսության կայունության և մրցունակության բարձրացման համար կարևոր է համարվում վարկային ռեսուրսների մատչելիության մակարդակի բարձրացումը:
Ճշտված բյուջեն կազմել է 634,5 մլն դրամ: Ֆինանսավորումը կազմել է նույնքան:
Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %) վարկեր, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, իսկ առավել կարիքավոր 225 համայնքների համար սուբսիդավորումը հասցվել է 6 տոկոսային կետի: 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2014 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 54.7 մլրդ դրամ ընդհանուր գումարով շուրջ 63.0 հազ. միավոր վարկ: Միայն 2013 թվականին տրամադրվել է 22.5 մլրդ դրամի, 20.7 հազ. միավոր վարկ: Սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել 1744.1 մլն դրամ: 2011-2013 թվականներին գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժերն արդյունք են նաև մատչելի վարկային ներդրումների։
• «Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջոցառումների» ծրագիր
Ծրագիրն ուղղվում է բուսաբուծական մթերքների երաշխավորված բերքի ստացման նախադրյալների ստեղծմանը:
Ճշտված բյուջեն կազմել է 51,9 մլն դրամ:
Իրականացվել են հետևյալ միջոցառումները` սելեկցիոն նվաճումների վերաբերյալ հայտերի ուսումնասիրություն, սելեկցիոն նվաճումների հայտերի փորձաքննություններ, սերմերի որակի լաբորատոր հետազոտություններ և փաստաթղթավորում, բույսերի նոր սորտերի տեղեկագրերի հրապարակումներ, ինչպես նաև բույսերի նոր սորտերի դաշտային փորձարկումներ: Լաբորատոր հետազոտությունների են ենթարկվել 16.1 տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր, որոնք ստացել են համապատասխան դասային գնահատում, փաստաթղթավորում: Ընդհանուր առմամբ, հետազոտվել են հացահատիկային, հատիկաընդեղային, բանջարաբոստանային, կերային, դեկորատիվ, անտառային բույսերի սերմեր և կարտոֆիլի տնկանյութ: 2013 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ ավել են ստուգվել գյուղատնտեսական մշակաբույսերի 1.7 հազ. տոննա սերմեր:
• «Անտառապահպանական ծառայությունների» ծրագիր
Իրականացմանն է ուղղվել 734,4 մլն դրամ:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է 344.2 հազ. հեկտար անտառային տարածքների պահպանություն: Պետական բյուջեով նախատեսված միջոցներն ամբողջությամբ ուղղվել են անտառային տնտեսության աշխատողների աշխատավարձի ապահովմանը:
Վերջին տարիներին ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կրճատվել են անտառային հրդեհները:
• «Անտառային պետական մոնիտորինգի իրականացման» ծրագիր
Իրականացմանն է ուղղվել է 54,5 մլն դրամ:
Ծրագրի շրջանակներում, հատկացված գումարի հաշվին, իրականացվել է շուրջ 370 հազար հեկտար անտառտնտեսություններում, ազգային պարկերում, արգելավայրերում անտառպահպանության և անտառօգտագործման աշխատանքների ուսումնասիրություն:
Իրականացվել է փայտանյութի սպառման շուկայի, փայտանյութի մթերման և արտահանման, ապօրինի հատումների և դրա արդյունքում բնափայտի տեղափոխումների, իրացման վերաբերյալ տվյալների հավաքագրում, մշակում, վերլուծություն և վիճակի գնահատում։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր թվով 364 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր, որը 96 հատով ավել է 2012 թվականին հայտնաբերվածից:
• «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագիր
Գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարևորվում է վարկային ծրագրի իրականացումը:
2013 թվականին պետական բյուջեից, որպես համաֆինանսավորում, նախատեսվել է 969,2 մլն դրամ:
Ծրագիրն իրականացվում է հանրապետության 6 մարզերի (Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի) նախատեսված 55 և լրացուցիչ ևս 45 համայնքներում: Նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներին` հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման միջոցով: Համայնքներում ստեղծելով արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ՝ խորհրդատվական համակարգի միջոցով աջակցություն է ցուցաբերվում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, անասնաբուժական և տոհմային աշխատանքների բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում իրականցվել են հետևյալ հիմնական աշխատանքները:
90 համայնքում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ:
51 համայնքում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները, մասնավորապես կառուցվել է 131 կմ ջրագիծ, տեղակայվել է 166 հատ խմոց: Արդյունքում լիարժեք օգտագործելի է դարձվել շուրջ 100 հազ. հա հեռագնա արոտներ, 60 հազ. հա գյուղամերձ արոտավայրերի ծանրաբեռնվածության մեղմման արդյունքում բարելավվել է էկոլոգիական վիճակը:
56 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 353 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 54 կոոպերատիվի տրամադրվել է 84 անիվավոր տրակտոր:
Հանրապետության 6 մարզերում իրականացվել է անասնաբույժների ուսուցում, որին մասնակցել է 76 անասնաբույժ: 67 անասնաբույժների համար ձեռք են բերվել սարքավորումներ և գործիքներ:
Ընդհանուր առմամբ ծրագրի իրականացումը կնպաստի բնական կերային հանդակների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, շուրջ 25 %-ով գյուղատնտեսական կենդանիների մթերատվության և տնտեսությունների եկամուտների ավելացմանը: Արտադրության կազմակերպման կոոպերատիվ ձևի ներդրման արդյունքում լուծում կստանա անասնապահական մթերքների արտադրողից մինչև սպառողը շղթայի օղակներում ներկայումս առկա խնդիրները, մասնավորապես կաթի հավաքման կետերի ձևավորման, կաթի վերամշակման կարողությունների ստեղծման միջոցով անասնապահության ճյուղում կապահովվի առավել բարձր ավելացված արժեքի ստացում:
Վարկային ծրագիրը շարունակվում է։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին հատկացվել է 5377.5 մլն դրամ, որը հիմնականում ուղղվել է հետևյալ ծրագրերի իրականացմանը:
• «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրեր
Վերջիններիս իրականացմանը համապատասխանաբար ուղղվել է 1772.0 և 1566.6 մլն դրամ:
Ծրագրերը կարևոր նշանակություն են ունեցել 2013 թվականին գյուղատնտեսության կայունության համար:
2013 թվականի պետական աջակցության ծրագրերով հողօգտագործողներին հատկացված 38606 տոննա ազոտական պարարտանյութից (ամոնիակային սելիտրա) համաձայն հողօգտագործողների կողմից ներկայացված վճարունակ պահանջարկի՝ հատկացվել է 37906 տոննա, իսկ մնացած 700 տոննան հողօգտագործողներին հատկացվում է 2014 թվականի ծրագրով:
Ծրագրերով հատկացված 18770.7 մլն լիտր դիզելային վառելանյութից , համաձայն հողօգտագործողների կողմից ներկայացված վճարունակ պահանջարկի՝ հատկացվել է 15391.7 մլն լիտր, իսկ մնացած 3316.0 մլն լիտրը հողօգտագործողներին հատկացվում է 2014 թվականի ծրագրով:
Նշված ռեսուրսների իրացման գնի և շուկայական գնի տարբերությունը սուբսիդավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
• «Հացահատիկային և կերային մշակաբույսերի արտադրության զարգացում» ծրագիր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականի գարնանացանի համար գարու, առվույտի, եգիպտացորենի, կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» N 165-Ն որոշմամբ նախարարությանը հատկացվել է 615.9 մլն դրամ: Նախարարության և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն Ռուսաստանի Դաշնությունից ներկրվել է՝ 700 տոննա գարնանացան գարի, 9.5 տոննա եգիպտացորեն, 52.1 տոննա առվյուտ և 360 տոննա կորնգան: Ծրագրի գծով խնայողությունը կազմել Է 3.0 մլն դրամը:
Վերը նշվածից բացի, ծրագրի շրջանակներում մարզպետարաններից վերադարձված գումարների հաշվին (53.8 մլն դրամով) տեղական սերմարտադրողներից ձեռք է բերվել 150 տոննա գարնանացան գարու և 40 տոննա կորնգանի սերմացու:
Ներմուծված և տեղական արտադրողներից ձեռք բերված սերմացուները տրամադրվել են ՀՀ մարզերին:
ՀՀ պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված արդյունքային և ոչ ֆինանսական ցուցանիշներն ամբողջությամբ կատարվել են:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցներից տնտեսվել է 114.6 մլն դրամ, որից պետական գնումների մասով՝ 70.0 մլն դրամ և ֆինանսավորման հայտ չի ներկայացվել 44.6 մլն դրամի չափով:
Գյուղատնտեսությունում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք կուտակվել են տարիներ շարունակ: Այդ խնդիրները առնչվում են հողային ռեսուրսների, հատկապես վարելահողերի նպատակային օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների փոքր չափերին և տնտեսա-վարման ձևերի կատարելագործմանը, մասնավորապես ոլորտում կոոպերացիայի խթանմանը, սերմնաբուծության և տոհմային գործի համակարգի բարելավմանը, անասնաբուժական կանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանը, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների իրացմանը, բուսաբուծության և անասնապահության ճյուղերի ինտենսիվացման ցածր մակարդակին ու մրցունակության բարձրացմանը, գյուղատնտեսական տեխնիկական հավաքակազմի նորացմանը, բնական աղետի հետևանքների մեղմմանը, հնարավոր վտանգների կանխարգելմանը, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծմանը և այլն:
Վերը նշված խնդիրներն առաջիկայում բյուջետային և այլ ծրագրերի իրականացմամբ իրենց աստիճանական լուծումներն են պահանջում: