Հաճարի մշակության ագրոտեխնիկան

2014-06-27

hacharՀաճարը Հայաստանի Հանրապետությունում մշակվում է լեռնային շրջաններում, զբաղեցնելով շատ փոքր տարածություններ: Առանձին դեպքերում հաճար մշակում են նաև մյուս շրջաններում: ՀՀ-ում հաճարի ընդունված սորտեր չկան:

Այժմ մշակվում է միայն մեկ տեղական պոպուլյացիա, որը սպիտակահասկ (farrum) և կարմրահասկ (rufum) տարատեսակների խառնուրդ է: Ցանքերում, համարյա միշտ, գերիշխում է կարմրահասկ հաճարը: Հաճարի մշակման համարյա բոլոր շրջաններում շատ քիչ տարածությամբ պատահում են սպիտակահասկ հաճարի քիչ թե շատ մաքուր ցանքեր: Գոյություն ունեցող պոպուլյացիան գարնանացան է, որը սակայն, առանձին դեպքերում ցանվում է ձմեռնամուտին: Հաճարի մշակվող պոպուլյացիան աչքի է ընկնում սննդարար նյութերի բարձր պարունակությամբ: Սպիտակուցների պարունակությունը հաճարի հատիկներում տատանվում է 15 – 21 % միջև, ճարպի պարունակությունը` 1.5 – 2.2 % միջև, օսլան` 65 – 68 % միջև, ջուրը` 14 – 15% միջև և այլն:

 

Հաճարի հատիկներից բացառապես պատրաստում են բարձր որակի ձավար, միայն առանձին դեպքերում նաև հաց: Հաճարի մղեղը, վերամշակումից մնացած թեփը, դարմանը և այլ թափուկները արժեքավոր կեր են անասունների համար:

 

Հաճարը զարգացնում է ավելի թույլ արմատային համակարգ, քան աշնանացան ցորենը, ավելի ուժեղ, քան գարնանացան գարին, գարնանացան ցորենը: Այստեղից էլ պարզ է, թե ինչու հաճարը հողի խոր շերտերում եղած ջուրն ու սննդանյութերը ավելի վատ է օգտագործում, քան աշնանացան ցորենը:

 

Հողի նկատմամբ հաճարը պահանջկոտ է, ուստի և ցանքաշրջանառության մեջ այն պետք է տեղադրել լավ մշակված հեշտալույծ միացություններով պարարտացրած նախորդներից հետո: Ամենից լավ արդյունք հաճարը տալիս է պարարտ, մոլախոտերից մաքուր, ստրուկտուրային, ոչ թթու հողերում:

 

Հաճարը ջրի նկատմամբ համեմատաբար քիչ պահանջկոտ է: Ամենից շատ ջուր պահանջում է թփակալումից մինչև հասկակալումը: Հենց այդ ժամանակաշրջանում էլ պետք է բույսերը լրիվ ապահովել ջրով և կյանքի այլ պայմաններով, որը բարձր բերք ստանալու կարևորագույն գրավականն է:

 

Լավ նախապատրաստված հողում և նորմալ քանակությամբ ջրի ու 2 – 3 աստիճանից բարձր ջերմության առկայության դեպքում հաճարը ծլում է արագ: Ծլումից մոտ երկու շաբաթ անց սկսում է թփակալել: Թփակալման վրա մեծ ազդեցություն է ունենում եղանակը: Զով եղանակին լավ է թփակալում, շոգ եղանակին` թույլ: Ընդհանրապես օդի ջերմության նկատմամբ հաճարի պահանջը միջակ է և միջակից ցածր, չորադիմացկանությունը և ցրտադիմացկունությունը մեծ չէ: Այդ է պատճառը, որ հաճարը համեմատաբար բարձր և կայուն բերք է ապահովում լեռնային շրջաններում: Հաճարի վեգետացիոն շրջանի տևողությունը 100 – 105 օր է: Պոպուլյացիան միջահաս է, ժանգից և մրիկից տուժում է, բայց քիչ չափով: Թփակալումը միջակ է, ունի պառկելու թույլ հակում: Հասկը մեծ մասամբ խիտ է, երկար, սերմերը մեծ են: Պոպուլյացիան միջակ բերքատու է:

 

Տեղը ցանքաշրջանառության մեջ: Ցանքաշրջանառության մեջ հաճարի լավագույն տեղը մաքուր ցելը և բազմամյա խոտաբույսերից մնացած ճմուտն է: Հաճարը լավ բերք է տալիս նաև այն դեպքում, երբ այն տեղադրվում է խամ ու խոպան հողերում, ինչպես նաև միամյա խոտաբույսերից, հատիկային ընդեղեններից և պարարտացված ցելին հաջորդող աշնանացանից հետո:

 

Պարարտացումը: Հաճարի պարարտացման համար լավագույն պարարտանյութ է լավ պահած և փտած գոմաղբը, բացի այն դեպքերից, երբ այն տեղադրվում է բնական կամ արհեստական ճմուտում, ըստ որում գոմաղբի դրական ազդեցությունն արտահայտվում է բոլոր տեսակի հողերում: Պարզ է, որ գոմաղբը պետք է հող մտցնել աշնանը և վերածածկել ցրտահերկով:

 

Հանքային պարարտանյութերից հաճարին կարելի է տալ ինչպես ազոտ, այնպես էլ ֆոսֆոր և կալիում: Այդ պարարտանյութերը մեծ չափով բարձրացնում են հաճարի բերքատվությունը, երբ շաղկապվում են բարձր ագրոտեխնիկայի հետ: Հայաստանի հողային պայմաններում ուժեղ չափով արտահայտվում է ոչ միայն պարարտանյութերի ազդեցությունը, այլև հետազդեցությունը: Հաճարի բարձր բերք ապահովելու գործում մեծ նշանակություն ունի ցանքերի սնուցումը, որի էֆեկտն էլ ավելի բարձր է լինում բավարար խոնավություն ունեցող շրջաններում:

 

Խորհուրդ է տրվում հաճարի սնուցումը կատարել երկու նվագով` առաջինը թփակալման սկզբում և երկրորդը թփակալման վերջում:

 

Սնուցման կարգով տրվող պարարտանյութերի քանակը կախված է հողային պայմաններից, հիմնական պարարտացման ժամանակ տրված պարարտանյութերի դոզայից և այլն: Պարարտացման միջին նորման է` N60 P90 K60:

 

Հողի մշակումը: Հողի մշակության աշխատանքները սկսվում են աշնանը կատարվող ցրտահերկից:

 

Ցրտավարած հողը գարնանը պետք է վաղ փոցխել, հենց որ ակոսների կատարները չորանում են: Դրանից հետո եթե հաճարը ցանվում է ճմաշերտում, ապա քեշի ժամանակ սկավառակավոր կամ թաթավոր կուլտիվատորներով պետք է հողը փխրեցնել 8 – 10 սմ խորությամբ, աշխատելով, որպեսզի ճմաշերտը շուռ չտրվի: Միաժամանակ հողը պետք է փոցխել:

 

Սերմերի նախապատրաստումը և ցանքը: Հաճարի մշակման գործում շատ կարևոր է համերաշխ և արագ աճող ծիլեր ստանալը: Դրա համար նախևառաջ պահանջվում է, որպեսզի սերմերը լինեն խոշոր, ծանրակշիռ, հավասար մեծության, ունենան բարձր ցանքային հատկություններ և վարակված չլինեն հիվանդություններով կամ վնասատուներով:

 

Ցանքից առաջ հաճարի սերմերը պետք է նաև ախտահանել:

 

Հաճարը ամենավաղ ցանվող մշակաբույսերից մեկն է: Վաղ ցանած հաճարն ավելի լավ է թփակալում, համեմատաբար ուժեղ է արմատակալում, լավ է աճում ու զարգանում, ուստի և լավ դիմանում հիվանդություններին, վնասատուներին, մոլախոտերին, սառնամանիքներին և ամառվա խորշակներին:

 

 Հաճարն հիմնականում ցանվում է սովորական շարքացանով` նեղաշար և խաչաձև ցանքի եղանակներով: Հնարավորության սահմաններում հաճարի շարքերը պետք է ուղղել հյուսիսից դեպի հարավ: Դա նպաստում է նրանց առավել լուսավորմանը և արդյունավետության բարձրացմանը: Փորձերով ապացուցված է, որ հաճարի լավագույն ցանքի նորման 180 – 200 կգ է, իսկ ցանքի խորությունը` թեթև հողերում 5 – 6 սմ, ծանր հողերում` 4 – 5 սմ խորության սահմաններում: Երբ հողը շատ ծանր է, ստրուկտուրազուրկ, սառը, հեշտությամբ կեղևակալում է, այդ խորությունը պետք է պակասեցնել ևս մեկ սմ և հասցնել 3 – 4 սմ-ի: Առանձնապես չորային պայմաններում և ցանքը որևէ պատճառով ուշացնելու դեպքում, հաճարի ցանքը պետք է կատարել մի փոքր ավելի խոր` 6 – 7 սմ, որը նպաստում է թփակալման հանգույցի խոր հիմնադրմանը, լավ թփակալմանը և սննդանյութերի, և ջրի հեշտ օգտագործմանը:

 

Ցանքերի խնամքը: Հաճարի ցանքերի խնամքին վերաբերող առաջին աշխատանքը տափանումն է օղակավոր կամ հարթ տափանով: Այս աշխատանքի էֆեկտիվությունը առանձնապես մեծ է լինում չորային պայմաններում, որովհետև նմանօրինակ պայմաններում գլանում – տափանումը մազական անցքերով ջուրը բարձրացնում է վեր և նպաստում հաճարի սերմերի արագ ծլմանը:

 

Հողի երեսը հարթելու, խորդուբորդությունները վերացնելու, վերին պնդացած շերտը փխրեցնելու, հողի օդաթափանցիկությունն ու ջրաթափանցիկությունը մեծացնելու, հաճարի սննդառության պրոցեսն ուժեղացնելու և այդ բոլորի հետևանքով ավելի լավ թփակալած ու արդյունավետ բույսեր ստանալու համար կարելի է կիրառել նաև հաճարի հետցանքային փոցխում: Ցանքերը պետք է փոցխել առաջին հերթին ծանր, կեղևակալող հողերում, եթե միայն սերմերը ցանվել են 5 – 6 սմ ավելի խոր և երբ որ սերմերը դեռ նոր են ծլում: Պարզ է, որ փոցխումը պետք է կատարել շարքերին ուղղահայաց կամ շեղակի ուղղությամբ: Երբ սերմերը ծանծաղ են թաղված, ցանքը նոսր է, և հողի վերին շերտն էլ խիստ չորացել է, հաճարի ցանքը չի կարելի փոցխել:

 

Հաճարի ցանքերը մոլախոտերից մաքրելու գործում պետք է օգտագործել պայքարի քիմիական եղանակները:

 

Բերքահավաքը: Հաճարի հասունացման ընթացքի վերաբերյալ պետք է սահմանել ամենօրյա հսկողություն: Բերքահավաքը պետք է կատարել հատիկի լրիվ հասունացման փուլում, երբ նրա խոնավությունը կազմում է 14 – 15 տոկոս:

 

 

Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

 

 

 

Տպել