Կավելանան ցորենի, հատիկի եգիպտացորենի և յուղատու արևածաղկի մշակության ծավալները

2014-06-17

10422240_1444923759099947_1672046596962726244_nԱյսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության մի շարք խոշոր հողատերերի՝ քննարկելու ՀՀ վարչապետի հանձնարարականով հանրապետությունում ցորենի, հատիկի եգիպտացորենի, յուղատու արևածաղկի ցանքատարածությունների արտադրության ծավալների ավելացման, ինչպես նաև հողօգտագործողների եկամուտների բարձրացմանն ուղղված նախարարության առաջարկները։ Վերջիններս հնարավորություն կտան նշված մշակաբույսերի արտադրությունը դնել պայմանագրային հիմքերի վրա և արտադրված ողջ բերքը փոխշահավետ պայմաններով հանձնել մթերող կազմակերպություններին։ 

 

«Խոսքը 2014 թվականի աշնանը ցորենի ցանքերի և 2015 թվականի գարնանը հատիկի եգիպտացորենի և յուղատու արևածաղկի ցանքատարածությունների համար մթերող և վերամշակող կազմակերպությունների հետ արտադրողների կնքած փոխշահավետ պայմանագրերի մասին է»,- ասաց նախարար Սերգո Կարապետյանը, նշելով, որ գործընթացը տնտեսական լրացուցիչ օգուտներից բացի, ենթադրում է նաև գյուղացու շահերի ամբողջական պաշտպանություն։ 

 

Հավանությամբ ընդունելով ներկայացված առաջարկները, մասնակիցներն, այնուամենայնիվ, հետաքրքրվում էին ըստ մշակաբույսերի և փաստացի կատարված ցանքերի ծավալների պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրվող պարարտանյութերից և դիզվառելիքից օգտվելու հնարավորության, գնային սանդղակի ձևավորման, երաշխավորված ոռոգման գործընթացների և նման այլ հարցերով։

 

Շահագրգիռ քննարկման արդյունքում նշվեց, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը, առաջարկները կքննարկվեն և կճշգրտվեն նաև մշակաբույսերի տեսակների և ցանքերի ծավալների մասին մարզպետարաններից ստացված համապատասխան տեղեկատվության ամփոփումից հետո և, որ նման շահագրգիռ քննարկումներ առաջիկայում կանցկացվեն նաև մթերող ու վերամշակող կազմակերպությունների հետ։

 

 

Տպել