Կասյան փողոցին հարող հրապարակում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը
2014-06-08
Մայրաքաղաքի Կասյան փողոցին հարող հրապարակում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ, վերաբացեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի փոխքաղաքապետներ Դավիթ Օհանյանը և Արամ Սուքիասյանը:
Նախարարը փողքաղաքապետների ուղեկցությամբ շրջեց տոնավաճառի տաղավարներով: Նրանց հետ զրույցի ընթացքում, թե´ վաճառողները, թե´ գնորդները գոհունակությամբ էին խոսում քաղաքակիրթ նման առևտրի կազմակերպման մասին, ցանկանում, որ այն շարունակական լինի և ընդգրկի նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:
Այստեղ, ինչպես և հայտարարվել էր, բացառվում էին վերավաճառքի դեպքերը, գործում էին տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր, որոնք անփոփոխ են ՝սկսած 2011 թվականից, երբ մայրաքաղաքում բացվեց առաջին նման տոնավաճառը: Մասնավորապես՝ գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառին անվճար էր: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառի մասնակիցներին անվճար տրամադրել էր նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ կշեռքներ և սայլակներ: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում էր միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքներով, որոնք հավաստում էին, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառին մասնակցում էին գյուղացիներ ՀՀ բոլոր մարզերից, ովքեր երևանաբնակներին են ներկայացնում բացառապես իրենց արտադրանքը: Տոնավաճառը կգործի շաբաթ և կիրակի օրերին: Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն աշխատանքներ է տանում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաներ գործարկելու ուղղությամբ:
Տարածքում հասարակական կարգն ու երթևեկությունը կարգավորվում է ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտից հետո կկազմակերպվի տարածքի մաքրման աշխատանքներ: