Կանաչեղեն

2014-06-28

kanachexenԿոտեմ- Ցանքը կատարվում է վաղ գարնանը, ինչպես նաև սեպտեմբեր-հոկտեմբերին: Ցանքից առաջ սերմերը մշակել «Ազոտովիտ 1» կամ «Ազոցեովիտ 1» կենսապարարտանյութերից որևէ մեկով: Այդ նպատակով 1-2 ճաշի գդալ «Ազոցեովիտ 1» լուծել 5 լիտր ջրում և սերմերը թրջել այդ լուծույթով` 2-6 ժամ տևողությամբ: Նույնը` «Ազոտովիտ 1»-ի դեպքում: 100մ2 հաշվով ցանքի նորման կազմում է 200-250գրամ: Կատարվում է շաղացան կամ նեղշար /10-12սմ միջշարային տարածություններով/, ցանքի խորությունը` 1,5 սմ: Վեգետացիայի ընթացքում 1-2 անգամ քաղհանել, ջրել ըստ պահանջի, կատարել սնուցում` 1մ2 հաշվով 10 լիտր ջրին ավելացնելով 20գ ամոնյակային սելիտրա, 40գ սուպերֆոսֆատ 15 գ կալիումական աղ: Կանաչեղենի մեջ վնասակար քիմիական տարրերի /նիտրատներ, նիտրիտներ/ առկայությունը նվազեցնելու նպատակով ցանկալի է սնուցման համար օգտագործել կենսապարարտանյութեր` «Ազոտովիտ 1» և «Ազոցեովիտ 1»: Այդ նպատակով 0,1 լ «Ազոտովիտ 1» կամ «Ազոցեովիտ 1» կենսապարարտանյութերին ավելացնել այնքան ջուր, որը անհրաժեշտ է 100մ2 ջրելու համար:

 

Բերքահավաքը աշնանային ցանքի դեպքում կատարել վաղ գարնանը, իսկ գարնանային ցանքի դեպքում` ծլելուց 15-20 օր հետո` մինչև հունիս ամիսը: Բերքը հավաքել մի քանի անգամ. սկզբում վարդակի տերևները, այնուհետև` ծաղկակալած զոխերը:

 

Համեմ /գինձ/- Ցանքը կատարել վաղ գարնանը կամ սեպտեմբեր-հոկտեմբերին: Ցանքից առաջ սերմերը մշակել «Ազոտովիտ 1» կամ «Ազոցեովիտ 1» կենսապարարտանյութերից որևէ մեկով: Ցանքի նորման տատանվում է 120-200գ սերմ 100մ2 հաշվով, շաղացան կամ նեղշար, 10-12սմ միջշարային տարածություններով, ցանքի խորությունը` 1,5սմ: Վեգետացիայի ընթացքում քաղհանել 1-2 անգամ, յուրաքանչյուր հնձից հետո մարգերում շաղ տալ փտած գոմաղբ, փոցխել և անմիջապես ջրել: Լավ արդյունք է տալիս նաև կենսապարարտանյութերով սնուցումը: Վեգետացիայի ընթացքում հնձել 5-6 անգամ:

 

Մաղադանոս տերևային - Ցանքը կատարել վաղ գարնանը կամ սեպտեմբեր, մարտ-ապրիլ ամիսներին: Ցանքի նորման տատանվում է 80-100գ սերմ 100մ2 հաշվով, շաղացան կամ 13-15սմ միջշարային տարածություններով, ցանքի խորությունը` 0,5-1,0սմ: Մինչև ծլելը հողի մակերեսը պահել խոնավ: Վեգետացիայի ընթացքում 1-2 անգամ քաղհանել, յուրաքանչյուր հնձից հետո մարգերում շաղ տալ փտած գոմաղբ, փոցխել և անմիջապես ջրել: Վեգետացիայի առաջին տարում հնձել 4-5 անգամ, երկրորդ տարում մեկ անգամ վաղ գարնանը հնձել և թողնել սերմի համար:

 

Նեխուր տերևային /քարավուզ/- Ցանքը կատարել վաղ գարնանը մարտ-ապրիլ ամիսներին: Ցանքի նորման տատանվում է 60-80գ սերմ 100մ2 հաշվով, շաղացան կամ 25սմ միջշարային և 5-6սմ միջբուսային տարածություններով, ցանքի խորությունը` 0,5-1,0սմ: Մինչև ծլելը հողի մակերեսը պահել խոնավ: Վեգետացիայի ընթացքում 3-4 անգամ քաղհանել, սնուցել` 7-8 անգամ նոսրացված գոմաղբահեղուկով, խոնավությունը պահպանել միապաղաղ ու հավասար: Քանի որ նեխուրը հիմնականում օգտագործում են թթուների մեջ, ուստի, այն անհրաժեշտ է հավաքել սեպտեմբեր- նոյեմբեր ամիսներին:

 

Սամիթ- Ցանքը կատարել վաղ գարնանը: Ցանքի նորման տատանվում է 100-120գ սերմ 100մ2 հաշվով, 13-15սմ միջշարքային և 4-5սմ միջբուսային տարածություններով, ցանքի խորությունը` 1,0-1,5սմ: Մինչև ծլելը հողի մակերեսը պահել խոնավ: Վեգետացիայի ընթացքում 1-2 անգամ քաղհանել, ջրել ըստ անհրաժեշտության, կարելի է սնուցել /1մ2 համար 10լ ջրին խառնել 20գ ամոնիակային սելիտրա, 40գ սուպերֆոսֆատ և 15գ կալիումական աղ/ կամ կենսապարարտանյութեր «Ազոտովիտ 1» և «Ազոցեովիտ 1»: Սամիթը հավաքել արմատներով, երբ բույսերը ունեն 10-15սմ բարձրություն /նոսրացնելու նպատակով/, ապա` ծաղկած և սերմնակալած հասակում / համեմունք թթվի համար/:

 

Ռեհան /շահասպրամ/ -Ցանքը կատարել ապրիլի վերջին, ցրտահարությունների վտանգի անցնելուց հետո, երբ ջերմաստիճանը 14՛C –ից բարձր է: Ցանքի նորման տատանվում է 100-120գ սերմ 100մ2 հաշվով, շաղացան կամ 15սմ միջշարքային և 10սմ միջբուսային տարածություններով, ցանքի խորությունը` 0,5-1,0սմ: Վեգետացիայի սկզբում նոսրացնել թողնելով միջբուսային տարածությունը 10սմ, այնուհետև1-2անգամ քաղհանել և փխրեցնել, ջրել ըստ անհրաժեշտության, կարելի է սնուցել /1մ2 համար 10լ ջրին խառնել 20գ ամոնիակային սելիտրա, 40գ սուպերֆոսֆատ և 15գ կալիումական աղ/ կամ կենսապարարտանյութեր «Ազոտովիտ 1» և «Ազոցեովիտ 1»: Սկզբնական բերքը հավաքել նոսրացման կարգով` հետագայում` կտրելով բույսի ճյուղերը:

 

Կորթին /ծիթրոն, մարզա/- Ցանքը կատարել ապրիլի վերջին` ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո, երբ ջերմաստիճանը 14՛C –ից բարձր է: Ցանքի նորման տատանվում է 70-80գ սերմ 100մ2 հաշվով, շաղացան կամ 13-15սմ միջշարքային և 5-6սմ միջբուսային տարածություններով, ցանքի խորությունը` 0,5-1,0սմ: Մինչև ծլելը հողի մակերեսը պահել խոնավ: Ծլելուց հետո հնարավորին չափ շուտ կատարել առաջին քաղհան-փխրեցումը և նոսրացումը: Վեգետացիայի ընթացքում 1-2 անգամ քաղհանել, ջրել ըստ անհրաժեշտության, կարելի է սնուցել /1մ2 համար 10լ ջրին խառնել 20գ ամոնիակային սելիտրա, 40գ սուպերֆոսֆատ և 15գ կալիումական աղ/ կամ կենսապարարտանյութեր «Ազոտովիտ 1» և «Ազոցեովիտ 1»: Սկզբնական բերքը հավաքել նոսրացման կարգով` հետագայում կտրելով բույսի ճյուղերը:

 

Կանաչ սոխ- Ցանքը կատարել, երբ հողի ջերմաստիճանը 2-50C է: Ցանքի նորման 30գ սերմ 100մ2 հաշվով, շաղացան կամ 10-13սմ միջշարքային և 3-4սմ միջբուսային տարածություններով, ցանքի խորությունը` 0,5-1,0սմ: Ծլելուց հետո հնարավորին չափ շուտ կատարել առաջին քաղհան-փխրեցումը և նոսրացումը: Վեգետացիայի ընթացքում 1-2 անգամ քաղհանել, ջրել ըստ անհրաժեշտության, կարելի է սնուցել /1մ2 համար 10լ ջրին խառնել 20գ ամոնիակային սելիտրա, 40գ սուպերֆոսֆատ և 15գ կալիումական աղ/ կամ կենսապարարտանյութեր «Ազոտովիտ 1» և «Ազոցեովիտ 1»: Երբ բույսերը ունեն 25-30սմ երկարություն, 3-4 տերև, հանում են արմատներով:

 

Թարխուն-Թարխունը սուր համ ու հոտ ունեցող բազմամյա բույս է, որի դալար ընձյուղները տերևների հետ օգտագործվում են թարմ վիճակում` որպես կանաչի, որոշ չափով` նաև թթուների մեջ: Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորների, լիմոնադի պատրաստման համար: Թարխունը չորադիմացկուն բույս է: Բազմանում է բույսերի բաժանմամբ` կտրոններով ու սեմերով:Տարածված է հատկապես բույսերի բաժանման ձևը:Հուլիսից սկսում են ծաղկել բույսերը և կազմակերպել մանր սերմեր, որոնց ծլունակությունը շատ ցածր է և նպատակահարմար չէ սերմերով բազմացումը:Թարխունը նույն հողակտորում պահպանվում է 3-4 տարի, որից հետո անհրաժեշտ է տնկարկը թարմացնել: Թարխունի հողը պետք է լինի ստրուկտուրային, օրգանական նյութերով հարուստ և բերրի: Նպատակահարմար է թարխունը մշակել թմբերով, վերցնելով թմբի լայնությունը 80սմ, իսկ ակոսի լայնությունը` 60սմ: Բույսերը տնկել թմբի երկու կողմերից`30սմ հեռավորությամբ: Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր մասերում կարելի է տնկել և` գարնանը և` աշնանը, բայց գերադասելի է ` օգոստոս ամսին: Հին բույսերը բաժանվում են մի քանի մասի` այնպես որ յուրաքանչյուր մասում լինի մի քանի բողբոջ և տնկում են: Տնկումից անմիջապես հետո ջրել: Մինչև ձյուն տեղալը բույսերը լավ արմատակալած և աճած են լինում: Ձմեռելու համար նոր տնկած բույսերը լավ ծածկել 4-5սմ հաստությամբ: Հաջորդ գարնանը թարխունի հողակտորը փխրեցնել` գոմաղբաշերտը խառնելով հողին, և սնուցել հանքային պարարտանյութերով կամ «Ազոտովիտ 1» և «Ազոցեովիտ 2» կենսապարարտանյութերով: Միակողմանի պարարտանյութերով սնուցելիս թարխունը կորցնում է համը և հոտը: Եղանակների տաքացմանը զուգընթաց գարնանը և ամառվա կեսին բույսերը կազմակերպում են հյութալի, դալար ընձյուղներ, որոնք պարբերաբար հավաքվում են: Հուլիսից թողնում են, որ բույսերը փարթամ, վերգետնյա զանգված առաջացնեն` արմատային համակարգը հզորացնելու նպատակով:Թարխունը կարելի է նաև աճեցնել տաքացվող ջերմոցում` լուսաթափանց պոլիէթիլենային թաղանթի տակ:

 

 

Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

 

 

Տպել