Գեղաշեն համայնքում կարանտին է սահմանվել
2014-06-05
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը Գեղաշեն համայնքում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն:
Աշխատանքային խորհրդակցության օրակարգի շրջանակներում քննարկվել են համայնքում խոշոր եղջերավոր կենդանիների մոտ տարածված բրուցելյոզ հիվանդության հետ կապված խնդիրները:Խորհրդակցությանը մասնակցել են Գեղաշեն համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամները և այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Հիմք ընդունելով առկա իրավիճակը, խորհրդակցելով համայնքի ավագանու անդամների, համայնքի ղեկավարի և տարբեր շահագրգիռ կազմակերպությունների պատասխանատուների հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կայացվել է համապատասխան որոշում, ըստ որի.
1. Գեղաշեն համայնքում սահմանվել է կարանտին, 2. Նույն որոշմամբ, կարանտինային աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ձևավորվել է համապատասխան հանձնաժողով և հաստատվել է հանձնաժողովի կանոնադրությունը, 3. Հանձնաժողովին հանձնարարվել է 12 ժամվա ընթացքում սահմանել ՀՀ օրենսդրությամբ նախատեսվող համապատասխան սահմանափակումներ:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2014 թվականի հունիսի 4-ի № 276-Ա որոշմամբ ստեղծված Գեղաշեն համայնքի տեղական հակաանասնահամաճարակային հանձնաժողովն արդեն իսկ ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային կառույցի մասնագետների աջակցությամբ ձեռնարկում է բազմաբնույթ միջոցառումներ հիվանդության տարածումը կանխելու և վերացնելու ուղղությամբ: